ՀԱԿ պատգամավոր. «Ժառանգությունը» չի կարող ՀԱԿ-ի տեղը զբաղեցնել
06/03/2013 12:00

ՀԱԿ պատգամավոր. «Ժառանգությունը» չի կարող ՀԱԿ-ի տեղը զբաղեցնել

ՀԱԿ-ը ներկայում շատ լուրջ գործընթացնմերի մեջ է: Ձևավորվում է կուսակցություն, որի շուրջ և որի հետ համատեղ նոր դաշինք կստեղծվի: Aysor.am-ի հետ զրույցում, խոսելով ՀԱԿ-ի անելիքների մասին, ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` հավելելով, թե այդ ամենի արդյունքում իրենք հնարավորություն են ունենալու քաղաքական գործընթացներում շատ լուրջ մասնակցություն ունենալ:

ՀԱԿ-ը, պատգամավորի խոսքերով, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, մնալու է ամենաառանցքային և ընդդիմադիր քաղաքական ուժը: Նա, սակայն, վաղաժամ համարեց խոսել ՀԱԿ-ի ծրագրերի մասին:

Հարցին, թե ՀԱԿ-ը շարունակո՞ւմ է լինել արմատական ընդդիմություն, և արդյոք «Ժառանգությունն» իր հանրահավաքներով չի՞ զբաղեցնի այդ տեղը, Լ.Սարգսյանն ասաց, թե «Ժառանգությունը» չի կարող ՀԱԿ-ի տեղը զբաղեցնել:

«Եկեք չմոռանանք, որ «Ժառանգության» և Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները պայմանավորված է մի փաստով` առանցքային քաղաքական ուժերը նախագահական ընտրություններին չմասնակցեցին, և ժողովուրդն ուղղակի «ոչ» ասաց Սերժ Սարգսյանին»,- ասաց ՀԱԿ պատգամավորը` վստահություն հայտնելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի` Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքին մասնակիցների «ուղիղ կեսը» ՀԱԿ-ի համակիրներն են:

Դիտարկմանը, թե այդ դեպքում, ինչո՞ւ ՀԱԿ-ն էլ, նախկինի պես, հանրահավաքներ չի հրավիրում, Լ.Սարգսյանը հիշեցրեց, որ իրենք կարծում են` նախագահական ընտրություններում հաղթել է Ր.Հովհաննիսյանը և այդ գործընթացն առայժմ պետք է տանի նա:

Ժողովուրդը, շարունակեց խոսքը պատգամավորը, դժգոհում է ընտրությունների արդյունքներից և դրա տերը Ր. Հովհաննիսյանն է: Իսկ թե ինչպիսի՞ն կլինի ընթացքը, Լ.Սարգսյանի խոսքերով, կախված է ժամանակից: Նա նկատեց, որ դեռևս կոնկրետ գործողություններ Ր. Հովհաննիսյանի գործողություններում չկա, բացի` ՍԴ դիմելուց:
 

ՀԱԿ պատգամավոր. «Ժառանգությունը» չի կարող ՀԱԿ-ի տեղը զբաղեցնել