Սիրիացի փախստականների թիվը հասել է 1 միլիոնի
06/03/2013 13:08

Սիրիացի փախստականների թիվը հասել է 1 միլիոնի

 

Սիրիացի փախստականների թիվը հասել է մեկ միլիոնի: Ինչպես հայտնում է «Իտառ-Տասս»-ը, այդ մասին ասվում է ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշի հայտարարության մեջ:

Գուտերեշի խոսքով, մեկ միլիոն մարդ է փախել, հազարավորները շարունակում են ամեն օր հատել սահմանները: «Այդ ողբերգությունը պետք է դադարեցվի»,- ասել է գերագույն հանձնակատարը:

 

Գուտերեշի տվյալներով, վերջին ամիսներին փախստականների հոսքը կտրուկ աճել է: Այս տարվա սկզբից ի վեր սահմանները հատել է 400 հազարից ավելի մարդ, որոնց մեծ մասը ապաստան են գտել Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում և Եգիպտոսում:

Գերագույն հանձնակատարը հայտնել է, որ այս երկրները շարունակում են իրենց սահմանները բաց պահել՝ չնայած նրանց համար ավելի ու ավելի դժվար է դառնում այդքան շատ փախստականներ ընդունելը: Գուտերեշը օրինակ է բերել Լիբանանը, որի 4 միլիոնանոց բնակչությունը սիրիացի փախստականների հաշվին աճել է 10%-ով:

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ը դոնոր երկրներից խնդրել էր 1.5 մլրդ դոլար՝ սիրիացի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, որից 519 մլն դոլարը ուղղվելու էր երկրի ներսում գտնվող սիրիացիներին, իսկ 1 մլրդ-ը՝ հարևան երկրներում ապաստան գտած փախստականներին: Ավելի ուշ պարզվել է, որ այդ հաշվարկները շատ լավատեսական էին, և այժմ դրանք վերանայվում են:

Սիրիացի փախստականների թիվը հասել է 1 միլիոնի