.jpg)
Ջրամատակարարումը Նոր Նորքում կկայունանա
«Երևան Ջուր» ընկերությունը այսօր ժամը 10.00-22.00 հայտարարել էր ջրամատակարարման դադարեցման մասին Նոր Նորքի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածներում:
Ինչպես տեղեկացրեց ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության «Հյուսիս» տեղամասի գլխավոր ճարտարագետ Սպարտակ Մկրտչյանը, դրա պատճառը «Ջրվեժ» օրվա կարգավորիչ ջրամբարում /ՕԿՋ/ վերանորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունն էր:
Վերջին օրերին ՕԿՋ-ի «չոր խցում», որից սնուցվում են վարչական շրջանի վերը նշված տարածքները, վնասվել էր մուտքի 500մմ տրամագծով խողովակը:
Արդյունքում՝ տեխնիկապես անհնար էր դարձել 5000 խոր. մետր տարողությամբ ջրամբարում կուտակել պահանջվող քանակությամբ ջուր, ինչը «պիկ» ժամերին որոշակի խնդիրներ էր առաջացնում սպառողներին կայուն ջրամատակարարմամբ ապահովելու գործում:
Հարկադրական կանգառի ընթացքում տեղամասի մասնագետները նախատեսում են ինչպես վերացնել խողովակի վթարը, այնպես էլ վերանորոգել «չոր խցի» փականը, ջրի ներհոսի կառավարելիությունը բարձրացնելու նպատակով: