Գինու շուկա. Հույսը դրեցին կառավարության վրա, ստացվեց՝ ինչպես միշտ
07/03/2013 21:02

Գինու շուկա. Հույսը դրեցին կառավարության վրա, ստացվեց՝ ինչպես միշտ

Հայաստանից արտահանվող գինու համար` վրացական գինու մուտքը Ռուսաստան բացասական ազդեցություն կունենա: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նշենք, որ վրացական գինու մուտքը ռուսական շուկա կասեցվել էր 2006 թ.-ից, երբ Ռուսաստանի և Վրաստանի հարաբերությունները վատթարացան. Արգելքը պատճառաբանվեց գինու ցածր որակով:

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Գեննադի Օնիշենկոն վերջերս Վրաստան էր ուղարկել մասնագետների 3 խումբ, որոնք մեկ շաբաթվա ընթացքում պետք է ստուգեին 44 գործարան: Ստուգումից հետո վրացական գինու 36 գործարանների և հանքային ջրերի 4 ձեռնարկությունների թույլատրվել է արտադրանքը ներկայացնել՝ ՌԴ-ում գրանցելու համար:

Ա. Հարությունյանը նշեց, որ այժմ Հայաստանը Ռուսաստան է արտահանում 1 մլն շիշ խաղողի և 1 մլն շիշ մրգային գինի: Նա վրացական գինու արգելանքը ռուսական շուկայում դրական գնահատեց հայկական գինու իրացման տեսանկյունից, սակայն շեշտեց, որ վրացական գինու վերադարձը ՌԴ «մեր սխալների համար հենց բացասական ազդեցություն կունենա»:

Բացասական ազդեցությունը գիենգործը մեկնաբանեց կառավարության անգործությամբ. «Կառավարությունը պետք է համապատասխան ռազմավարություն մշակեր, որը արվեց 6 ամիս առաջ»:

Խնդիրը նաև գինեգործների շրջանում է. Ըստ մասնագետի՝ գինեգործները բաժանված էին երկու խմբի, մեկ խմբում միայն քիչ ռեսուրսներով գինեգործներն էին, մյուս խմբում՝ մեծ ռեսուրսներով գինեգործ-կոնյակագործները, որոնք շեշտը դնում էին կոնյակի արտադրության վրա: Գինեգործները իրենց հույսը դրեցին կառավարության վրա, որն էլ չարդարացրեց դրանք:

Ռուսական շուկայում այժմ հայկական գինին վաճառվում է 7-15 դոլարի միջակայքում, իսկ վրացական գինին մուտք է գործելու հենց այդ գումարային միաջակայք: Հայկական գինիների ինքնարժեքը բարձր է` հումքը, կոմունիկացիները... այն պարզապես չի կարող ավելի ցածր գնով վաճառվել: Կդիմանա՞ արդյոք հայկական գինի վրացական բարձրորակ նույնարժեք գինու մրցակցությանը, այն դեպքում, երբ Վրաստանը մեծ խմբաքանակով է կրկին մտնելու ռուսական շուկա, որտեղ դեռ չեն հասցրել մոռանալ վրացական գինու համը:
 

Գինու շուկա. Հույսը դրեցին կառավարության վրա, ստացվեց՝ ինչպես միշտ