.jpg)
«Թուրքիայի ազգային փոքրամասնությունները չեն վստահում իշխանություններին»
Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը կոչ է արել ազգային փոքրամասնություններին, ովքեր անցյալում վատ վերաբերմունքի պատճառով լքել են Թուրքիան, հետ վերադառնալ: Սակայն Թուրքիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները կասկածանքով են վերաբերում այդ հայտարարությանը: Այս մասին գրում է «Todays Zaman» պարբերականը:
Պարբերականի փոխանցմամբ՝ վերջինս նման հայտարարությամբ է հանդես եկել Բունդեստագում` Միջազգային և Միջմշակութային Երկխոսության Ինստիտուտի կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ:
Պարբերականը նշում է, որ տարիներ շարունակ, Թուրքիայում ազգային փոքրամասնությունները կոտորածների, ջարդերի, գույքի առգրավման և տեղահանությունների թիրախ են եղել:
Հունաստանի «Apoyevmatini» պարբերականի գլխավոր խմբագիր Mihail Vasiliadis-ը հիշեցրել է, որ վարչապետ Էրդողանը կոչ էր արել ուղղափառ հույներին հետ վերադառնալ Թուրքիա:
Քաղաքացիական հասարակության հայ ակտիվիստ Կարո Փայլանը նշել է, որ հայերը, ինչպես նաև մյուս ժողովուրդներ, շատ անգամներ են լսել նման «ռոմատիկ կոչեր»: Նա նաև նշել է, որ պետությունը պաշտոնապես ուզում է «գերիշխող էթնիկ խումբ» գաղափարին համահունչ լինել և Թուրքիան իր երկրում ապրող հայերին դիտում է որպես լծակ՝ Հայաստանի հետ հարաբերություններում:
Փայլանը նաև նշել է, որ քանի դեռ Թուրքիայում այս տրամաբանությամբ են շարժվում, Թուրքիայի հայերը երբեք էլ իրենց չեն զգա, ինչպես տանը:
«Սրանք այնպիսի բաներ են, որ ստիպում են մեզ զգալ, որ մենք հավասար քաղաքացիներ չենք: Թուրքիան փոխվում է, սակայն նրա տրամաբանություն չի փոխվում: Թուրքիայում հայերին ընկալում են որպես դավաճաններ»- նշել է Փայլանը:
«Մենք դեռ տեսնում ենք, որ Թուրքիայում դպրոցական գրքերում, ազգային փոքրամասնությունների նկարագրում են որպես դավաճաններ, այստեղ լուրջ փորձեր չկան ասորիների կամ էլ հայերի ցեղասպանության մասին խոսելու ուղղությամբ»,- նշել է Շվեդիայի ասորական ֆեդերացիայի նախագահ Աֆրամ Յակուբը (Afram Yakoub):