Սպորտային մարմնամարզության առաջնությանը մասնակցել են 60 մարզիկներ
07/03/2013 19:32

Սպորտային մարմնամարզության առաջնությանը մասնակցել են 60 մարզիկներ

Ավարտվել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը` նվիրված Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական մարմնի հիմնադրման 90-ամյակին: Այն մեկնարկել է մարտի 4-ին, Երևանում, մրցումներն անցել են Հ. Շահինյանի և Ա. Ազարյանի անվան մարզադպրոցներում: 

Առաջնությանը մասնակցել են ընդհանուր թվով 60 մասնակիցներ Երևանից, Գյումրիից և Էջմիածնից: Մրցաշարի ընթացքում մարզիկների արձանագրած արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների հավաքականը, որն ապրիլին մեկնելու է Մոսկվա` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Բազմամարտում տղամարդկանց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Արթուր Դավթյանը, կանանցից՝ Անահիտ Թադևոսյանը: Արծաթե մեդալների են արժանացել համապատասխանաբար Սերոբ Սողոմոնյանը և Անի Թունյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Վահան Վարդանյանը և Արփինե Թադևոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Տղաները մրցել են 6 գործիքների վրա: Ազատ վարժություն, հենացատկ, պտտաձող և զուգափայտ ձևերում 1-ին տեղն է գրավել Արթուր Դավթյանը, նժույգ թափեր ձևում՝ Վահագն Ստեփանյանը, օղակների վրա՝ Վահագն Դավթյանը և զուգափայտերի վրա՝ Սերոբ Սողոմոնյանը: Աղջիկներից առանձին ձևերում 1-ին տեղն են գրավել Անահիտ Թադևոսյանը (հենացատկ, հավասարակշռության գերան, աղջիկների զուգափայտ) և Անի Թունյանը (ազատ վարժություններ): Առաջնության գլխավոր մրցավարն էր Ալբերտ Ազարյանը, գլխավոր քարտուղարը՝ միջազգային կարգի մրցավար Էլսիկ Հովհաննիսյանը:

Առաջնությանը մասնակցել են նաև Հայաստանի սպորտային մարմնամարզության պատանիների և երիտասարդների հավաքականների ներկայացուցիչները, որոնց գրանցած արդյունքները հնարավորություն են տալիս` ասելու, որ Հայաստանում կա մեծահասակներին փոխարինող երիտասարդ մարմնամարզիների նոր սերունդ:

Սպորտային մարմնամարզության առաջնությանը մասնակցել են 60 մարզիկներ