ԵՄ-ն կարող է «Հզբոլլահին» ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում
07/03/2013 20:36

ԵՄ-ն կարող է «Հզբոլլահին» ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

ԵՄ-ն կարող է քննարկման դնել լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորումը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հարցը՝ հիմնվելով Բուլղարիայի Բուրգաս քաղաքում տեղի ունեցած ահաբկեչության հետաքննության արդյունքների վրա: Այս մասին, ըստ ria.ru-ի, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: 

«Այն բանից հետո, երբ պարզ դառնան հանցագործները, կարող է դիտարկվել նրանց այն ցուցակում ներառելու հարցը, որոնց նկատմամբ հատուկ միջոցառումներ են կիրառվում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում»,- Բրյուսելում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ հանդիպումից հետո ասել է Բարոզուն ՝ավելացնելով, որ նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է ԵՄ բոլոր անդամների միաձայն համաձայնությունը:

Բուլղարիայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսի պայթյունների մեջ կասկածվող երկու անձինք լիբանանյան «Հզբոլլահ» խմբավորման անդամներ են: Իր հերթին «Հզբոլլահի» գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմն ավելի վաղ հայտարարել էր, որ խմբավորումը կապ չունի Բուրգասի ավտոբուսի պայթունի հետ, իսկ անհիմն մեղադրանքները Իսրայելի կողմից խմբավորման դեմ «միջազգային քարոզարշավի» մի մասն են կազմում:

Հիշեցնենք, որ 2012 թվականի հուլիսի 18-ին Բուրգասի օդանավակայանի ավտոկայանատեղիում պայթեցվել էր իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը, որի հետևանքով զոհվել էր 8 մարդ, վիրավորվել՝ 37-ը: 

ԵՄ-ն կարող է «Հզբոլլահին» ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում