Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում ՀՀ Նախագահը կմեկնի Ստրասբուրգ
07/03/2013 12:05

Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում ՀՀ Նախագահը կմեկնի Ստրասբուրգ

 

«Մենք քննարկեցինք հարաբերությունների լայն շրջանակը և այս հանդիպմանը կարևորեցինք երկու տարի առաջ Լիտվայի նախագահի կատարած այցը Երևան և պայմանավորվեցինք շարունակել երկկողմ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը»,-այսօր Լիտվայի արտգործնախարար Լինաս Անտանասի Լինկյավիչուսի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Է.Նալբանդյանը նշեց, որ պայմանավորվել են ակտիվացնել մշակութային կապերը Լիտվայի հետ, կարևորվել է առևտրա-տնտեսական հարաբերությունների ակտիվացման քաղաքականությունը:

«Ես ներկայացրեցի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլը և մենք քննարկեցինք նաև տարածաշրջանային կարևորության այլ հարցեր»,-ասաց Նալբանդյանը:

Է. Նալբանդյանն անդրադառնալով Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության մասին հարցին նշեց, որ իրենք սպասում են կազմակերպության նախագահ պարոն Յագլանդին, որպեսզի նրա հետ քննարկեն Հայաստանի նախագահության առաջնահերթություններն այդ կազմակերպության շրջանակներում:

ԱԳ նախարարի խոսքերով, Հայաստանն օգտագործելու է այս նախագահությունը նաև մշակութային մի շարք միջոցառումներ Ստրասբուրգում անցկացնելու համար: Նախարարը հատկապես կարևորեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախատեսված այցելությունը Ստրասբուրգ:

Իր հերթին Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Անտանաս Լինկյավիչյուսը հայտարարեց, որ իրենք Հայաստանի հետ համագործակցում են ռազմական, մշակութային ոլորտներում և այս այցը նպատակ ունի ակտիվացնել Հայաստանի հարաբերությունները Եվրոպայի հետ և Լիտվան, որպես ԵՄ-ում նախագահող երկիր, կարևորում է ՀՀ-ի և ԵՄ-ի միջև խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը:

«Մենք խոսեցինք տարածաշրջանին քաղաքականության մասին և ԵՄ-ի համար կարևոր է կայունության ապահովումը Հարավային Կովկասում: Մենք միշտ կոչ ենք արել լուծել խնդիրները խաղաղ ճանապարհով»,-ասաց Լիտվայի արտգործնախարարը:

Լ.Լինկյավիչյուսն անդրադառնալով «Արևելյան գործընկերության» շրջանակներում Հայաստանի հետ համագործակցությանը` նշեց, որ իրենց համար կարևոր է, որ Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման մասին պայմանագիրը և խորացնի հարաբերությունները ԵՄ-ի հետ:
 

Եվրոպայի Խորհրդում ՀՀ նախագահության ընթացքում ՀՀ Նախագահը կմեկնի Ստրասբուրգ