Բաքվում ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենա են գործադրել
10/03/2013 21:16

Բաքվում ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենա են գործադրել

Բաքվի Շատրվանների հրապարակ են դուրս եկել ադրբեջանական բանակում տիրող ապօրինությունների և կասկածելի մահվան դեպքերի դեմ բողոքող հազարավոր մարդիկ: Բողոքի ցույցը զուգորդվել է ոստիկանների հետ բախումներով: Ադրբեջանցի իրավապահները շուրջ 3.000 ցուցարարների դեմ գործի են դրել ռետինե մահակներ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ: Ցույցերին հիմնականում մասնակցում են երիտասարդ ակտիվիստները և բանակում մահացած և խոշտանգված ադրբեջանցի զինվորների ծնողներն ու հարազատները: Ցուցարարները բացականչել են. «Վերջացրե՛ք սպանել մեր զինվորներին: Հերի՛ք մեր բանակը դարձնեք սպանդանոց»:

Ըստ contact.az-ի` ոստիկանները ձերբակալել են ակցիայի հարյուրավոր մասնակիցների։

«Մենք ունենք հակաազգային խորհրդարան, հակաազգային նախագահ,- «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է ցուցարարներից մեկը և հավելել,- բոլոր պետական կազմակերպությունները հակապետական բնույթ են կրում: Մենք չենք կարող համակերպվել այս անարդարությունների հետ,-նրանք սպանում են 18-20 տարեկան մեր որդիներին»:

Ընդհանուր առմամբ, համաձայն Ադրբեջանի ռազմական լրագրողների հետազոտությունների՝ «Դոկտրինա» կենտրոնի 2012 թվականին Ադրբեջանի զինված ուժերում զոհվել են ավելի քան 97 զինծառայող, որոնցից 80 %-ը ոչ մարտական պայմաններում: Ընթացիկ տարում Ադրբեջանի պետական կառույցները հաստատել են ավելի քան 18 ադրբեջանցի զինծառայողների մահվան մասին լուրերը: Նրանցից 15-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում:
 

Բաքվում ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենա են գործադրել