.jpg)
Ջազ երգչուհի Նինո Կատամաձեն կրկին Երևանում է. Նա երկու համերգ կտա
Ազգությամբ վրացի հայտնի ջազ երգչուհի Նինո Կատամաձեն կրկին Երևանում է: Այս անգամ նա Երևանի «Յանս» ակումբում երկու համերգ է տվել:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվելով իր տպավորություններով՝ երգչուհին անկեղծացել է և նշել, որ Երևան է գալիս առանձնակի հաճույքով. «Երևանն ինձ համար առաջին հերթին իմ ընկերներն են: Երևանում զգում եմ ինձ ինչպես տանը»,- ասել է երգչուհին և հավելել, որ երաժշտական որևէ նախագծի շրջանակում կցանկանար որոշ ժամանակով ապրել այստեղ:
Խոսելով իր երգարվեստի մասին՝ Ն. Կատամաձեն նշել է, որ ջազի միջոցով տրվում է բոլոր հարցերի պատասխանները: Նա կարևորեց այն, որ Երևանում ավելանում են ջազային ակումբները. «Երաժշտական որակյալ սարքավորումների առումով ձեր բախտը բերել է այս ակումբի հարցում: Ինձ համար երբեմն էական տարբերություն չկա, սակայն երաժշտական ակումբների որակի առումով Երևանում հիմա ամեն ինչ հիանալի է: Երևանցիները սիրում են ջազ, սիրում են այն ընկալել և բավականություն ստանալ»:
Հիշեցնենք, որ ջազ երգչուհին Հայաստանում արդեն իսկ համերգներ է ունեցել 2008-ին և 2011-ին: