«Եթե պարոն Սարգսյանը կեղծ երդում տա Աստվածաշնչի վրա, դա կանի իմ դիակի վրա»
10/03/2013 19:36

«Եթե պարոն Սարգսյանը կեղծ երդում տա Աստվածաշնչի վրա, դա կանի իմ դիակի վրա»

Իմ արածը հացադուլ չէ` կեղծիքադուլ է ու ստադուլ: Այսուհետ ես մնալու եմ Ազատության հրապարակում` հաց չեմ ուտելու, կեղծիք ու սուտ չեմ ընդունելու: Վաղվանից Ազատության հրապարակում կազմում ենք ազգային համաձայնության մեր վարչակարգը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ես իմ ոտքով գնացի Բաղրամյան 26, ինչպես գիտեք բոլոր առաջարկներիս բոլոր պատասխանները բացասական էին: Այսուհետ ես էլ Բաղրամյան 26 չեմ գնալու ու ոչինչ չեմ խնդրելու: Եթե այդ կառույցը պատկանում է ՀՀ քաղաքացուն, ապա Սերժ Սարգսյանն ինքը, եթե ասելիք ունի, թող գա Ազատության հրապարակ ու այստեղ, ձեր աչքի առջև խոսի ինձ հետ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ մինչև ապրիլի 9-ը Սերժ Սարգսյանը ոչ թե իր, այլ ժողովրդի մեծամասնության պահանջով պիտի ինքնաբացարկ հայտնի.

«Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ հայրապետը պղծի Աստվածաշունչն ու օգնի ժոովրդին ծաղրող թեկնածուին, ապա ասում եմ` նրանք դա կանեն իմ դիակի վրա: Իսկ մինչ այդ օրը ես աղոթելու եմ նրանց համար ու կխնդրեմ, որ իրենք էլ` աղոթեն ինձ համար»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով` փետրվարի 18-ին ՀՀ քաղաքացին ասել է ոչ թե` ոչ, այլ` այո, այո` լավ ապագային ու ազատությանը.
«Ես ձեր հավասարն եմ: Ինձանից առաջ բանախոսները խոսեցին մեր հերոսների մասին: Ես կասեմ Լեոնիդի մասին: Սովորենք նրանից ոչ թե կուսակցախաղ տալ, այլ` հայրենիք կառուցել»:

Ելույթի վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը ևս մեկ անգամ կոչ արեց մի շարք մարզպետերի հրաժարական տալ ու նշեց.
«Այսուհետ ՀՀ մարզպետը կընտրվի ժողովրդի արդար քվեով: Վաղվանից Ազատության հրապարակում մեր վարչակարգն ենք կազմում»:
 

«Եթե պարոն Սարգսյանը կեղծ երդում տա Աստվածաշնչի վրա, դա կանի իմ դիակի վրա»