.jpg)
ԵՄ-ն խստացրել է Իրանի դեմ պատժամիջոցները
Եվրոպական միության 27 անդամ-երկրների ԱԳ նախարարները որոշում են կայացրել խստացնել Իրանի դեմ գործող պատժամիջոցները: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ հղում կատարելով ԵՄ մամուլի ծառայության տարած հայտարարությանը:
«Խորհուրդը (ԵՄ արտաքին գործերի հարցերով)՝ ի պատասխան Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումներին, 12 ամսով երկարացրել է սահմանափակող պատժամիջոցների գործողությունները: Խորհուրդը նաև 9 ֆիզիկական անձանց ներառել է ցուցակում, որոնց արգելված է մուտք գործել ԵՄ տարածք և որոնց ակտիվները ԵՄ տարածքում սառեցված են: Այսպիսով, ցուցակում նրանց թիվը հասնում է 87-ի»,- ասվում է փաստաթղթում:
Փաստաթղթում նաև նշվում է, որ ԵՄ ԱԳ նախարարները որոշել են նաև սառեցնել մեկ (իրանական) ընկերության ակտիվները, որը նույնպես խախտել է մարդու իրավունքները: Նոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն մարտի 13-ից՝ ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԵՄ երկրները էմբարգո դրել իրանական նավթի արտահանման վրա, որը ուժի մեջ էր մտել 2012 թվականի հուլիսի 1-ից: ԱՄՆ-ն, ԵՄ երկրները և Իսրայելը Իրանին կասկածում են խաղաղ ատոմ մշակելու պատրվակով միջուկային զենք ստեղծելու մեջ: Իր հերթին Թեհրանը հայտարարում է, որ իր ատոմային ծրագիրը ուղղված է բացառապես երկրի էլեկտրաէներգիայի պաշարները բավարարելուն: Ներկայում Իրանի դեմ գործում է ՄԱԿ ԱԽ չորս պատժամիջոցային բանաձևեր: