Փորձագետ. Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը հուսահատության տարրեր է պարունակում
12/03/2013 17:09

Փորձագետ. Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը հուսահատության տարրեր է պարունակում

Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը հուսահատության տարրեր է պարունակում: Անդրադառնալով Րաֆֆի Հովհանիսյանի հացադուլին` Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Քաղաքականության մեջ կան կոնվենցիոնալ և ոչ կոնվենցիոնալ պայքարի ձևեր և եղանակներ: Դրանք բնորոշ են քաղաքական գործընթացին և քաղաքական պայքարի տարբեր փուլերին: Տվյալ պարագայում պարզ էր, որ հետընտրական զարգացումներում իրենց ծանրակշիռ տեղը կզբաղեցնեն բողոքային ենթատեքստ ունեցող գործընթացները: Եվ այն դեպքում, երբ այդ զարգացումները չեն ստանում կազմկերպիչների կողմից ակնկալվող` առնվազն ստացված ձայներին համարժեք հանրային օժանդակությունը, այս քայլը կարող է դիտվել բողոքի այն համապատասխան միջոցը, որը լիակատար կերպով ցուց կտա անհամաձայնությունը կատարվող գործընթացների հետ»,- նշեց Ա. Մարկարովը:

«Այս քայլը վկայում է այն մասին, որ հետընտրական բողոքի ալիքի գնում է դեպի նվազում և գործընթացները փոխանցվում են առանձին անձանց կողմից իրականացվող քայլերին, որոնք կարող է և չունենան լայնածավալ քաղաքական ազդեցություն»,- հավելեց բանախոսը:

«Այս քայլը հուսահատության որոշակի տարր է պարունակում»,- շեշտեց Ա . Մարկարովը` հավելելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պարզորոշ գիտակցում է, որ կարող է շարունակել պայքարը, սակայն հռչակված նպատակին` այն է իշխանափոխության, հասնել չի կարող:

Բանախոսը նշեց, որ քաղաքական հեռանկարի տեսանկյունից Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա մերձավոր շրջապատի համար ավելի շահեկան կլիներ կենտրոնանալ Երևանի ավագանու գալիք ընտրությունների վրա:

«Քաղաքական գործընթացը չի ավարտվում նախագահական ընտրություններով: Առջևում Երևանի ավագանու ընտրություններն են: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական ընտրություններում Երևանում ստացել էր ընտրողների ձայների 40 տոկոսից ավելին, դա բավականին լուրջ քաղաքական ներուժ է, որը կարելի է օգտագործել գալիք ընտրություններում: Սակայն Րաֆֆի Հովաննիսյանը ավելի շատ նայում է անցյալին` նախագահական ընտրություններին, քան ապագային»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը:
 

Փորձագետ. Րաֆֆի Հովհաննիսյանի քայլը հուսահատության տարրեր է պարունակում