.jpg)
Շևչենկոն հավատում է «Միլանին»
«Միլանի» լեգենդ Անդրեյ Շևչենկոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոն»-«Միլան» պատասխան հանդիպման մասին, որը կկայանա այսօր, «Նոու Կամպ» մարզադաշտում:
«Սան Սիրոյում» «Միլանը» հաղթել է 2:0 հաշվով, սակայն «Բարսելոնի» հետ մրցակցությունում նման առավելությունը կորցնելը միանգամայն իրատեսական է թվում:
«Ես լավատեսորեն եմ տրամադրված, չնայած 2 գնդակի առավելությունն անվտանգ զգալու առիթ չէ,- նշել է ուկրաինացի հարձակվողը, ով «Եվրո-2012»-ից հետո ավարտել է ֆուտբոլիստի կարիերան:- «Բարսելոնը» խնդիրներ ունի պաշտպանությունում: Մասկերանոն հետին գծի միակ արագաշարժ ֆուտբոլիստն է: Երբ նա չի խաղում, «Բարսելոնը» խոցելի է դառնում: Մեծ ու հանրաճանաչ մարզադաշտը բոլորին մի քիչ վախեցնում է, սակայն ճիշտ տրամադրվածությունը կօգնի հաղթահարել այդ բարդույթը: Ի դեպ, հենց նման մարզադաշտերում, ինչպիսին «Նոու Կամպն» է, ֆուտբոլիստն աճում է ու վստահություն ձեռք բերում: Բայց ինձ թվում է, որ «Միլանի» երիտասարդներին վախեցնելն այնքան էլ հեշտ չէ:
Ես «Միլանի» հարձակվողներին խորհուրդ կտամ խաղալ այնպես, ինչպես սովորաբար են խաղում: Չարժե սահմանափակվել: «Բարսելոնը» թույլ տեղեր ունի: Սակայն եթե նույնիսկ «Միլանը» դուրս մնա Չեմպիոնների լիգայից, իտալացիները կարող են հպարտանալ, բայց ես վստահ եմ, որ այդ թիմի առաջ շարժվելու հնարավորությունները շատ մեծ են»: