Անդրիաս Ղուկասյանը ՍԴ-ում. Ինչո՞ւ եք ընդդիմությանը թափթփուկ դարձնում
12/03/2013 11:03

Անդրիաս Ղուկասյանը ՍԴ-ում. Ինչո՞ւ եք ընդդիմությանը թափթփուկ դարձնում

Սահմանադրական դատարանում մեկնարկեց նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի` ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննության երկրորդ օրը:

Նիստը սկսվեց դիմող Անդրիաս Ղուկասյանի ելույթով: Նախագահի նախկին թեկնածուն նշեց, որ ԿԸՀ ներկայացրած առնվազն 414 տեղամասերի արդյունքներում անճշտություններ կան:

«Օրինակ՝ 469 ընտրատեղամասերում պակասել է քվեաթերթիկների թիվը: Մյուս տեղամասերում էլ՝ ավելացել: Տեսնում ենք, որ ընտրական հանձնաժողովները չեն ապահովել ընտրությունների պատշաճ ընթացքը: Կարծում եմ՝ սա լավ չէ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Անդրիաս Ղուկասյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի ու Սերժ Թանկյանի նամակագրությանը:

«Կասեմ, որ Սերժ Սարգսյանի պատասխան նամակն արտահայտում է իր արժեքային համակարգը: Նամակում Սերժ Սարգսյանը գրում է, որ նա միշտ վստահ է եղել, այդ թվում՝ ընտրությունների կազմակերպման ժամանակ: Չեմ կարող ինձ թույլ տալ մտածել, որ գործող նախագահը ծանոթ չէ իր իսկ ստորագրած իրավական նորմերին: Հստակ սահմանված է, որ երկրում ընտրությունները կազմակերպում է պետությունն` ի դեմս ԿԸՀ-ի: Կրկնում եմ՝ չեմ ուզում հավատալ, որ Սերժ Սարգսյանը ծանոթ չէ սրան: Նամակից պարզապես մի բան է երևում՝ Սերժ Սարգսյանը գիտի բոլոր իրավական պահանջները, նա պարզապես իրեն նույնացնում է պետության հետ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Ելույթի վերջում Ա. Ղուկասյանն անդրադարձավ նախօրեին ՍԴ-ում քննարկված այն հարցին, թե ինչո՞ւ ընտրախախտումներ նկատելու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմն անհրաժեշտ քանակի դիմումներ-բողոքներ չի ներկայացրել:

«Նախորդ ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ն ավելի քան 400 բողոք էր ներկայացրել և ի՞նչ, մի բան եղա՞վ: Ինչո՞ւ եք հիմա փորձում մեր երկրի ընդդիմությունը ներկայացնել որպես թափթփուկների մի կույտ, ովքեր անգամ չեն կարող իրենց իսկ իրավունքները պաշտպանել: Դիմել են՝ ընթացք չի տրվել ու պատշաճ վերաբերմունք չի տրվել»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:  

Անդրիաս Ղուկասյանը ՍԴ-ում. Ինչո՞ւ եք ընդդիմությանը թափթփուկ դարձնում