.jpg)
Քննարկվել է Մարդու վերարտադրողական առողջության և իրավունքի մասին օրենքը
Մարտի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիմնական զեկուցողի՝ Արա Բաբլոյանի խոսքով՝ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ապահովման, ծնելիության խթանման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման անհրաժեշտությամբ:
Օրենքի նախագծի հիմնական փոփոխությունները կատարվել են 6-րդ և 11-րդ հոդվածներում: Մասնավորապես՝ 6-րդ հոդվածը լրացվել է 7-րդ մասով, ըստ որի՝ կինն իրավունք ունի անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: 11-րդ հոդվածում կատարված լրացմամբ՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը:
Նշվել է, որ նախագծի ընդունումը կնպաստի սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ավելացմանը, որն իր հերթին կնպաստի Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանը, ընտանիքների պահպանմանը և ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, ինչպես նաև հնարավորություն կտա ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների զույգերին (ընտանիքի անապահովության 30 և ավելի միավորի դեպքում), ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, առնվազն մեկ անգամ անվճար օգտվելու նշված ծառայությունների ամբողջական փաթեթից: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքի նախագծին՝ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի և մարտի 18-21-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը նույն օրը տեղի ունեցած նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ քննարկել է առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական լսումների օրակարգային հարցեր: Լսումների թեմաների վերաբերյալ եղել են առաջարկներ հանձնաժողովի անդամների կողմից, որոնք կքննարկվեն աշխատանքային կարգով: Նիստին մասնակցող ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը սատարելու խորհրդարանական լսումների կազմակերպմանը Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է 2012 թվականից:
Հանձնաժողովը, հեղինակի առաջարկով, այս նիստում չի քննարկել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծը՝ լրամշակվելու նպատակով:
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ մարտի 12-ի նիստում քննարկվել և հավանության է արժանացել «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում փոփոխությունների՝ կառավարարության օրենսդրական նախաձեռնությունը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ փաթեթը կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում:
Գլխադասային հանձնաժողովը գործադիրի մասնագետների ու ոլորտի պատասխանատուների հետ արդեն իսկ նախնական քննարկումներ է ունեցել՝ սկզբունքային հարցերի շուրջ համաձայնության գալով: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նիստում հիմանավորել է այս նախաձեռնության անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն ընդունելու պարագայում իրավաբանորեն կամրագրվի բյուջեի նախագծերը ծրագրային ձևաչափով կազմելու քաղաքականությունը: Այլ կերպ ասած՝ հիմնական թիրախը կլինի ծրագրերի իրակացումից ստացված արդյունքը: Պետական ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն արդեն իսկ առաջնորդվում է ծրագրային բյուջետավորման սկզբունքով, կիրառում որոշ տարրեր բյուջեի նախագծեր կազմելիս, տարեցտարի ընդլայնում ծրագրային բյուջետավորման շրջանակը: Սակայն օրենսդրորեն այս մոտեցումն ամրագրված չէ:
«Բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջարկվում է նաև հստակեցնել որոշ հասկացություններ, տալ նոր սահմանումներ, ինչպես նաև կանոնակարգել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների արտաբյուջետային հաշիվները:
Գագիկ Մինասյանը նշել է, որ ակնկալում է առաջինից երկրորդ ընթերցման միջև ընկած ժամանակահատվածում անցումը ծարագրային բյուջեին դարձնել հասարակական լայն ձևաչափով լսումների առարկա: Նրա բնորոշմամբ՝ որքան շատ մարդ շահագրգիռ լինի ծրագրային բյուջետավորմամբ, այնքան արագ հնարավոր կլինի անցնել բյուջետային առավել արդյունավետ և թափանցիկ գործընթացների: