Ադրբեջանական ընդդիմադիր թերթի խմբագիրը դատապարտվել է 9 տարի ժամկետով
12/03/2013 20:28

Ադրբեջանական ընդդիմադիր թերթի խմբագիրը դատապարտվել է 9 տարի ժամկետով

Բաքվի դատարանն այսօր «Խուրալ» թերթի խմբագիր Ավազ Զեյնայլին դատապարտել է 9 տարվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝  լրագրողին արգելվել է նաև ազատ արձակումից հետո մեկ տարի զբաղվել կոմերցիոն գործունեությամբ, ինչպես նաև` նա պետք է վճարի 4076 մանաթ տուգանք (մոտ 5000 դոլար)։

Դատարանը նրան մեղավոր է ճանաչել մի քանի հոդվածներով` խոշոր չափերի կաշառք վերցնելու, սպառնալիքներով գումար շորթելու, դատարանի որոշումը չկատարելու, ինչպես նաև՝ խոշոր չափի հարկերի վճարումից խուսափելու համար:

Ավելի վաղ դատախազը Զեյնալիի համար 11 տարվա ազատազրկում էր պահանջել։

Նշենք, որ խմբագիրը ձերբակալվել էր նախկին պատգամավոր Գյուլնար Ահմեդովայի բողոքի հիման վրա, ով ինքն էլ այժմ բանտարկված է՝ խարդախությունների մեղադրանքով։ Դատարանում լրագրողը հերքել է բոլոր մեղադրանքները և հայտարարել, որ ինքը ձերբակալվել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի և հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովի պատվերով։ 

Ադրբեջանական ընդդիմադիր թերթի խմբագիրը դատապարտվել է 9 տարի ժամկետով