.jpg)
«Կամ նրանք գործ են կատարում, կամ էլ նրանց երեխայիցս օրգան է պետք եղել»
1-ամյա Էլեն Փարսադանյանը 2012 թ. սեպտեմբեր 4-ին մահացել է Արաբկիր բժշկական կենտրոնում: Երեխայի մայրը` Լուսինե Փարսադանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեխան ծնվել է լիովին առողջ, ծննդատնից իրենք փաստաթուղթ են վերցրել, որ երեխան որևէ հիվանդություն չի ունեցել:
«Երեխան ծնվել է 2011 թ. հունիսի 8-ին՝ «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի ծննդատանը, ծննդաբերություն նորմալ է ընթացել, երեխաս ծնվել է 2 կգ 600 գրամ քաշով, 3-րդ օրը հիվանդանոցից դուրս ենք գրվել: Բալիկս շատ առողջ էր, ուղղակի 9 ամսականում նկատեցի, որ չէր նստում, չգիտեմ, գիրությունն էր պատճառը, թե ինչ, գնացինք նյարդաբանի մոտ, ասեց, երեխան նորմալ է, բայց առանց ինձ ասելու գրել էր, որ էտապային հապաղում ունի երեխան: Երեխային նեյրոսոնգարֆիա արեցին, ոչ մի պաթոլոգիա չհայտնաբերվեց, մերսումներ նշանակեցին: 11 ամսականում երեխայի մոտ քնկոտություն նկատվեց, գնացինք Հայաստանի գլխավոր նյարդաբան Արծրունի Հակոբյանի մոտ, նա մեզ չընդունեց: Մեկ ժամ սպասելուց հետո մեզ ընդունեց Լեսյա Ալեքսեևնան, ով ասեց` երեխան նորմալ չի, պետք է մերսում ստանա և պիրացետամ ընդունի: Երեք օր ընդունելուց հետո երեխայի մոտ առաջին անգամ ցնցում սկսվեց, «շտապօգնությունով» երեխայիս հիպերթենզիա ախտորոշմամբ տեղափոխեցին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, այնտեղ 5 օր մերսում և պիրացետամ ստացավ ու դուրս գրվեցինք»,- ասաց նա:
Լ. Փարսադանյանի խոսքով`այդ ընթացքում մի քանի անգամ հիվանդանոց են գնացել. Մուրացանի հիվանդանոցում ասել են` երեխան հայացքը չի ֆիքսում, բայց Քանաքեռ-Զեյթունի ԲԿ-ում ասել են, որ երեխան նորմալ է:
«Երեխային տեղամասային բժշկի խորհրդով տարա «Արաբկիր» ԲԿ, քանի որ թաթիկը դողում էր: Երեխային այնտեղ տարել եմ գրկումս քնած, միանգամից վերակենդանացման բաժին տարան, չգիտեմ ինչ ներարկեցին, թաթիկի դողը անցավ, ու հետո մի անգամ եմ միայն տեսել երեխային` ապակու հետևից, թաթիկներով մարզանք էր անում: Երեխայիս 12 օր ահավոր տանջանքերի են ենթարկել, աչքը, քիթը, թոքը վնասեցին, ամեն օր արյան փող էին ուզում: Ասեցին, իբր էպիլեպսիա ունի, երկու օր բուժում ստանալուց հետո պարզվեց, որ ոչ մի էպիլեպսիա էլ չկա, սխալ բուժում են արել: Երեխայի շնչառական և սիրտ անոթային համակարգը այդ դեղորայքային բուժումից ընկճվել է ու չի դիմացել, թեև բժիշկներն ասում էին, որ դեռ ավելացնելու տեղ ունեն չափաբաժինը:
Սեպտեմբերի 4-ին առավոտյան ինձ կանչեցին բաժանմունքի վարիչի մոտ, ասաց` երեխան մահացել է, ասում եմ, ո՞ւր է երեխաս, ասեց` ձեր երեխան պատանատոմիայի բաժանմունքում է: Բայց ինչո՞ւ են առանց ինձ ասելու դիահերձում արել, ի՞նչ են թաքցնում: Դիահերձումից հետո հաջորդ օրը գնում ենք պատանատոմիայի բաժին, երեխայի մարմինը չեն տալիս, ասում են՝ բժիշկը տեղում չի, գրել էին լրիվ ուրիշ բաներ, ինչ հիվանդանոցում: Կամ նրանք գործ են կատարում վերակենդանացման բաժանմունքի հետ, կամ էլ երեխայիցս օրգան է պետք եղել նրանց»,- ասաց նա:
Լ. Փարսադանյանը դիմել է ոստիկանություն: Նրա խոսքով, այս գործով նորություններ խոստացել են հաղորդել երկու ամսվա ընթացքում, իսկ մեղավորներին չպատժելու դեպքում ինքը պատրաստ է մինչև վերջ պայքարելու: