Վրաստանը հստակ մեսիջ ուղարկեց Մոսկվային. Թբիլիսին գնում է դեպի Արևմուտք
12/03/2013 21:13

Վրաստանը հստակ մեսիջ ուղարկեց Մոսկվային. Թբիլիսին գնում է դեպի Արևմուտք

Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է «Արտաքին քաղաքականության ուղղությունների մասին» փաստաթուղթը, որը բացառում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը Ռուսաստանի հետ:

Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանը հավատարիմ է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու իր դիրքորոշմանը, ինչպես նաև չի պատրաստվում անդամակցել այն միություններին կամ ռազմա-քաղաքական դաշինքներին, որոնց անդամները ճանաչում են Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Փաստաթղթի այս կետը հստակ մեսիջ է Ռուսաստանին, որը նախաձեռնել է նոր ինտեգրացիոն գործընթացներ հետխորհրդային տարածքում` Եվրասիական Միության և Մաքսային Միության ֆորմատներով:

Վրաստանը այդ կետով հստակ նշաձող է որոշել, որից այն կողմ չի պատրաստվում զիջումների գնալ և վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, այսինքն Թբիլիսին չի պատրաստվում ընդունել ստատուս-քվոն Աբխազիայում և Հարավային Օսիայում կամ համակերպվել դրանց վերջնական կորստի հետ:

Թբիլիսին չի պատրատվում անդամակցել ոչ Եվրասիական Միությանը, ոչ Մաքսային Միությանը, քանի որ այդ միությունների ջատագով և ակտիվ անդամ Ռուսաստանը ճանաչել է Սուխումիի և Ցխինվալի անկախությունը, այդ տարածքներում տեղակայելով ռուսական ռազմակայաններ, բացի այդ, Մոսկվան ստանձնել է այդ ժողովուրդների ֆիզիկական անվտանգության երաշխավորի դերը, որից չի հրաժարվի և դա ամրագրված է Ռուսաստանի Ազգային անվտանգության և Պաշտպանական ռազմավարություններում:

Ըստ այդ ռազմավարական փաստաթղթերի, Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում օգտագործել իր զինված ուժերը Ռուսաստանի քաղաքացիների`Աբխազիայի և Հվ.Օսիայի բնակչության մեծամասնությունը ունի ռուսական անձնագիր, անվտանգության և իր ռազմավարական դաշնակիցների պաշտպանության նպատակներով:

Բացի այդ, Վրաստանի խորհրդարանի ընդունած արտաքին քաղաքական ուղենիշները նախանշող փաստաթղթում նշվում է, որ Վրաստանը շարունակելու է ռազմավարական հարաբերությունների կառուցումը իր գլխավոր ռազմավարական դաշնակցի`ԱՄՆ-ի հետ և այս օրերին Վրաստանի տարածքում տեղի են ունենում վրաց-ամերիկյան համատեղ զորավարժություններ`ամերիկյան ծովային հետևակայինների մասնակցությամբ:

Նոր փաստաթղթում, որպես առաջնահերթություն նշվում է նաև Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների, տարածքային ամբողջականության վերականգնմանն ուղղված քաղաքականության կարևորությունը:

Վերոնշյալ կետերը`աբխազա-օսական հարցերը և Վրաստանի ՆԱՏՕ-ական ձգտումները սահմափակում են Մոսկվայի ազդեցության ոլորտի ընլայնումը Հարավային Կովկասում և նոր գործընկերներ վերագտնելու քաղաքականությունը:

Վրաստանն իր նոր արտաքին քաղաքական փաստաթղթով իրեն լիովին տեղավորում է եվրոատլանտյան, ամերիկյան աշխարհաքաղաքական շահերի տիրույթում, իսկ այդ քաղաքականությունը շատ դեպքերում չի համընկնում տարածաշրջանում ռուսական աշխարհաքաղաքական շահերի հետ:

Վրաստանը այդ փաստաթղթով և մինչ այդ իրականացված քաղաքականությամբ`Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմավարական եռանկյունի ձևավորման, վրացական տարածքը Արևմուտք-Արևելք ենթակառուցվածքային-էներգետիկ միջանցի սպասարկմանն տրամադրելով յուրահատուկ կամուրջ է հանդիսանալու ռուսական հարավային սահմանի երկայնքով և Ռուսաստանը շրջանցող միջանցքի ձևավորման համար:

Ռուսաստանը` ելնելով Վրաստանի օրենսդիր մարմնի կողմից ընդունված վերոնշյալ փաստաթղթից, Հարավային Կովկասում ձևավորված նոր իրողությունից շարունակելու է հենվել իր միակ ռազմավարական գործընկեր`Հայաստանի վրա, փորձելով անել ամեն հնարավորը դաշնակցային հարաբերությունները էլ ավելի ամրապնդելու և չխարխլելու համար:

Տարածաշրջանի մեկ այլ երկրի` Ադրբեջանի քաղաքականությունը և իրականցված քայլերը` Գաբալայի կայանի հետ կապված զարգացումները, որոնք հանգեցրեցին ռուսական ռազմական ներկայության ավարտին այդ երկրում, հույս չեն ներշնչում, որ այդ երկիրը մոտակա ժամանակներս կարող է վերադառնալ ռուսական ազդեցության տիրույթ:

Ադրբեջանը ռազմավարական, դաշնակցային հարաբերություններ է կառուցում Արևմուտքի` Թուրքիայի, ԱՄՆ-ի հետ, ինչպես նաև Իսրայելի, որը Վաշինգտոնի ռազմավարական դաշնակիցն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:

Այսպիոսով, Հարավային Կովկասի 3 երկրներից 2-ի արտաքին քաղաքական ուղենիշները հստակորեն ուղղված են դեպի ԵՄ, ՆԱՏՕ և արևմտյան ուժային կենտրոններին ինտեգրում:
      
Մոսկվան գիտակցում է, որ 3-րդ երկրի` Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշների սլաքի ամբողջական թեքումը դեպի Արևմուտք կբերի ռուսական ռազմա-քաղաքական ներկայության վերացմանը Հարավային Կովկասում, օգտագործելու է իր ազդեցության բոլոր լծակները` Հայաստանը ռուսական ազդեցության ոլորտում պահելու համար, քանի որ Կովկասյան տարածաշրջանում այդպիսի կարևոր դաշնակցի կորուստը կարող է խախտել ուժերի բալանսը հօգուտ արևմտյան ուժերի նաև Կենտրոնական Ասիայում և ապակայունացնել իրավիճակը բուն Ռուսաստանի Հյուսիսային Կովկասում:

Վրաստանը հստակ մեսիջ ուղարկեց Մոսկվային. Թբիլիսին գնում է դեպի Արևմուտք