.jpg)
Գուանտանամոյի գրեթե բոլոր բանտարկյալները հացադուլի մեջ են
Գուանտանամո բանտի բանտարկյալները հացադուլ են հայտարարել՝ բողոքելով սեփական իրերը, այդ թվում և Ղուրանը բռնագրավելու դեմ: Ինչպես հայտնում է Russia Today-ը, բողոքի ակցիան սկսվել էր դեռևս փետրվարին, սակայն բանտարկյալների փաստաբաններն այդ մասին պատմել են միայն այժմ: Բանտարկյալներից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, նրանց կերակրում են արհեստական խողովակների միջոցով: Հացադուլ է հայտարարել գրեթե ողջ բանտը՝ բացառությամբ մեծահասակների և առողջական խնդիրներ ունեցող տղամարդկանց՝ ընդհանուր առմամբ 130 մարդ:
France Presse-ին տված հարցազրուցում Գուանտանամոյի Միավորված աշխատանքային խմբի հասարակության հետ կապերի տնօրեն Ռոբերտ Դյուրանը հայտարարել է, որ հինգ բանտարկյալի իսկապես կերակրել են արհեստական խողովակների միջոցով՝ ավելացնելով, որ «սննդից հրաժարվելը չի նշանակում, որ ամբաստանյալները հացադուլ են հայտարարել»:
«Բանտարկյալը կամ նույնիսկ ամբողջ բանտը կարող է հրաժարվել ճաշարանում թարմ, տաք սննդից, սակայն մենք տեսել ենք, թե ինչպես են նրանք կերել իրենց սենյակում, իսկ դա նշանակում է, որ այդ սնունդը բավարար է իրենց»,-վստահեցնել է Դյուրանը:
Իր հերթին ամբաստանյալներից մեկի փաստաբանը պնդում է, որ իր հաճախորդն արդեն 30 օր հաց չի կերել և «կորցրել է ավելի քան 20 ֆունտ, սակայն նրան չի ցուցաբերվել բժշկական օգնություն, թեև վերջինս հիվանդ է շաքարախտով»:
Արդյունքում 12 իրավաբան նամակով դիմել է Գուանտանամոյի ղեկավարությանը՝ «օրեցօր ծայրահեղ կետին մոտեցող հարցը» քննարկելու համար: Նշենք, որ Գուանտանամոյի «բնակիչների» մեծամասնությունը մուսուլմանական երկրիների քաղաքացիներ են՝ Եմեն, Աֆղանստան և Սաուդյան Արաբիա: