«Երբ ասում ես` իմ դիակի վրայով, դա ցույց է տալիս, թե ինչի ես ընդունակ»
12/03/2013 19:41

«Երբ ասում ես` իմ դիակի վրայով, դա ցույց է տալիս, թե ինչի ես ընդունակ»

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածն ասում է, որ Հանրապետության նախագահը պետության գլուխն է և հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությանը, այդ իմաստով ընտրությունները երկրի պետական, քաղաքական կյանքում կարևորագույն երևույթ և գործառույթ են, ուստի նաև նախագահի պարտավորությունների մեջ է, որը և իրագործվում է, և դա ոչ թե կոնկրետ Սերժ Սարգսյանի մասին է կամ նրա համար գրված Սահմանադրությունն է, այլ դա ՀՀ Սահմանադրությունն է, և որ անձն էլ, որ լիներ ՀՀ նախագահը, պարտավոր էր կատարելու»,-ասված է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի տարածած հաղորդագրության մեջ:

«Ինչ վերաբերում է «կազմակերպել» բառին, ապա այսուհետ եթե որևէ մեկը գրավոր կամ բանավոր տեքստում (իմա` մասնավոր նամակում ) «կազմակերպել» բառը օգտագործում է, ուրեմն դա բերում է ուղիղ այն եզրահանգման, որ այսինչ տեղամասում որևէ մեկի հնարավոր խախտումը կազմակերպված է Հանրապետության նախագահի կողմի՞ց: Զավեշտալի պատկերացում է`քանի որ ասելիք չկա, պարզապես ընկել են բառի հետևից:

«Բարև»-ը սարքեցինք մի հեղափոխություն, «կազմակերպելը» դարձնենք մի ուրիշ բա՞ն: Քանի որ որևէ փաստ չկա, արդեն փնտրում են մասնավոր նամակներում` թե ինչ մտքեր և բառեր են օգտագործվում, գնում են դեմագոգիական հարցապնդումների, իսկ ավելի գործածելին` պարզապես բղավելն է, գոռալ, գոռալ անընդհատ, և կարևոր չէ թե ինչի շուրջ, քանզի, երբ դու գոռում ես, այլևս ոչ ոք չի հասկանում, թե ինչ ես ասում և պարտավոր չես գոռալու մեջ լինել փաստարկված և հիմնավոր: Այնպես որ, այսօր մեր աչքի առաջ , և’ Սահմանադրական դատարանում, և’ ընդհանրապես քաղաքական հարթակներում հիմնականում այս և այս տիպի միջոցներ են կիրառվում:

Հացադուլը նույնպես այդ տրամաբանական «ծիրին» մեջ է, և կարելի է ասել դրա տրամաբանական ավարտն է, որովհետև պարզ է, որ ուրիշ անելիքներ չկան` վերցված է մի բեռ , որն ուժերից վեր է, և վերցված է չմտածված, հայտարարություններ են եղել, որոնք արվել են չգիտակցված, առանց դրանց հետևանքը պատկերացնելու և, ինչպես ասում են, իրենք իրենց փակուղու առջև են կանգնեցրել: Հացադուլը հոգեբանական ճնշման միջոց է` հուզական շարքից, նույն հուզականությունն, ինչը մենք տեսնում էինք փետրվարի 18-ից հետո հարթակում հնչեցված ելույթների մեջ: Ասենք, որ այսօրվա իշխանությունը շատ բան է տեսել, և այնպես չէ, որ իրեն կարելի է նման հուզական գործիքներով ճնշել, և անգամ, երբ ասում ես` իմ դիակի վրայով, դա միայն ցույց է տալիս, թե ինչի ես դու ընդունակ ու պատրաստ` իշխանության, աթոռի համար, ուրիշ որևէ ռեալ բան կարծես ցույց չի տալիս:

Զարմանալին այն է, որ իրավական գործընթացում այսօր կիրառվող գործիքը քաղաքական վերլուծությունն է/աղյուսակներ, գրաֆիկներ տեսանք /, բայց իրավական դաշտում դրանով չեն խոսում: Սահմանադրական կամ Վարչական դատարաններում , և առհասարակ, իրավական հարթությունում խոսակցությունը պետք է գնա կոնկրետ փաստերով, փաստարկներով, իսկ քաղաքական դաշտում` քաղաքական վերլուծություններն են: Այսօր մեր ընդդիմությունը ցույց է տալիս մի հետաքրքիր վարվելակերպ` իրավական դաշտում խոսում են քաղաքական տերմիններով, քաղաքական բանաձևումներով և վերլուծություններով (դրանց հիմնավորության բացակայությունը թողնենք վերլուծաբանների մասնագիտական կարողությունների վրա ), մինչդեռ, քաղաքական դաշտում` ինչ-որ անհասկանալի ակնարկներով, իբրև թե գոյություն ունեցող փաստարկների շուրջ, որոնց մասին որևէ տեղ չի բարձրաձայնվում և որոնց իրական գոյությունը որևէ մեկը չի արձանագրել. ինչ-որ դիմումներ, որոնք հապճեպ են արված, օրենքների խախտումներով:

Այս բոլորը ցույց են տալիս մի բան, որ ընդդիմությունը, ունենալով անգամ այս 37 տոկոսը, ինքն իր իրական չափն ու տոկոսը շատ լավ գիտեր և իր մարդկային ռեսուրսը, իր մասնակցությունը հանձնաժողովներում նույնպես դա է փաստում, այսինքն, երբ մենք ասում ենք, որ իրենք զարմացել են այս արդյունքի վրա, իրականում դա շատ տեղին զարմանք է: Պարզապես գնացքը գնացած պարագայում հանկարծ սթափվել են, և մտածել, որ կարելի էր սա օգտագործել, ինչ-որ միջոցներ ձեռնարկել`մի քիչ պոռանք , մի քանի կիլո կիսատ-պռատ սարքած թուղթ հավաքենք, նեղված տատիկ, պապիկներին հավաքենք հրապարակ, ջահելներին դասերից «թռնելու» կոչ անենք, գեղեցիկ, հուզական նախադասություներն ու ռոմանտիկ քայլերն էլ վերադիր` դե եղավ էլի: Բայց ռեալ մարդկանց իրենք հետևից տանելու ոչ ասելիք կա, ոչ գործողությունների ծրագիր»,- ասված է հաղորդագրության մեջ:

«Երբ ասում ես` իմ դիակի վրայով, դա ցույց է տալիս, թե ինչի ես ընդունակ»