Բաասայ Բուլգանչիմեգ. Ընտանեկան բժշկությունը Հայաստանում կայացել է
12/03/2013 20:22

Բաասայ Բուլգանչիմեգ. Ընտանեկան բժշկությունը Հայաստանում կայացել է

Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող Մոնղոլիայի առողջապահության նախարարությունն այն կարծիքին է, որ դա հնարավորություն կտա զարգացնելու համապարփակ ապացույցների վրա հիմնված քաղաքականություն և իրականացնելու առողջության առաջնային պահպանման ռազմավարության բարեփոխումներ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական բաժնից:

Ընդունելով Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդհանուր գծերով ներկայացրել է անկախացումից հետո առողջապահական համակարգում իրականացված բարեփոխումները։ Ընդգծելով առողջության առաջնային օղակի կարևորությունը` փոխնախարարն անդրադարձել է ընտանեկան բժշկության ներդրման ուղղությամբ իրականացված քայլերին և այդ ինստիտուտի գործարկմանը։

Սերգեյ Խաչատրյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստակամ է ներկայացնելու ընտանեկան բժշկության կայացման մեր երկրի փորձը և նպաստելու, որ Մոնղոլիայի պատվիրակության այցն արդյունավետ լինի։

Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Բաասայ Բուլգանչիմեգը նշել է, որ իրենք տեղեկացված են, որ վերջին տարիների ընթացքում ընտանեկան բժշկությունը Հայաստանում կայացել է, և այս ոլորտում հայ մասնագետների փորձը լավագույնն է տարածաշրջանի երկրներում։

Այնուհետև Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակությունը և ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն անցկացրել են աշխատանքային քննարկումներ։

Պատվիրակության անդամները կայցելեն հանրապետության տարբեր մարզերում գործող ընտանեկան բժշկության գրասենյակներ, կուսումնասիրեն տրամադրվող ծառայությունների մատուցմանը, դրանց որակի հսկողությանը վերաբերող, ինչպես նաև կազմակերպչական, ֆինանսական և այլ հարցեր։ 

Բաասայ Բուլգանչիմեգ. Ընտանեկան բժշկությունը Հայաստանում կայացել է