.jpg)
Ռուս լրագրող. Ադրբեջանցիների վրեժխնդրությունն անիրատեսական է
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատմությունն ու արմատները թաքնված են դեռևս 20-րդ դարի սկզբներում: Այն ժամանակ, ինչպես դրանից 70 տարի անց, փլուզվում էր Ռուսական կայսրությունը, իսկ տեղի ժողովուրդները բաժանում էին տարածքները: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եթե ձեր թաղամասում 50 %-ը մուսուլմաններ են, մյուս 50 %-ը՝ քրիստոնյաներ, ապա համակեցությունը բարդ է: Պատկերացրեք նաև, որ ձեր ոտքերի տակ ոսկի է թաքնված»,- այս մասին, պատմելով Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցելության և տպավորությունների մասին, գրում է ռուսական «Ռիդուս» քաղաքացիական լրագրության գործակալության թղթակից Ստանիսլավ Մուդրին:
Վերջինս, մինչև իր տպավորությունների մասին գրելը, պատմական անդրադարձ է կատարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ և նշում, որ տարբեր ժամանակներում Լեռնային Ղարաբաղի տարածքը հայերի վերահսկողությունից անցել է ադրբեջանցիներին և հակառակը:


«Դրանում մեծ դեր է խաղացել Մոսկվան՝ խորհրդային ժամանակներում լինելով Բաքվի կողմնակից (հավանաբար՝ նավթի պատճառով): Ի հավելումն, Լեռնային Ղարաբաղի տարածքում հայտնաբերվել են ոսկու պաշարներ: Խորհրդային Միության փլուզումը, միջէթնիկական հակամարտությունն ու ոսկին դարձան 1992-1994 թթ. պատերազմի հիմնական պատճառները: Ռազմական գործողությունների ծավալման թեժ պահին, հակամարտությանը Ադրբեջանի կողմնակից Թուրքիայի միջամտության փորձից հետո, ԱՊՀ Զինված ուժերի մարշալ Շապոշնիկովը հայտարարեց, որ հակամարտությանը երրորդ կողմի մասնակցությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի: Հնարավոր եղավ խուսափել հակամարտության սրացումից Ռուսաստանի շնորհիվ և հայերի դիվանագիտական ու հումանիտար ռեսուրսների օգնությամբ»,- գրում է լրագրողը:



Այնուհետև հոդվածագիրը պատմում է, որ ԼՂՀ ԱԳՆ օժանդակությամբ և Պաշտպանական բանակի Գլխավոր շտաբի զինվորականների ուղեկցությամբ նա հայտնվել է ռազմաճակատի առաջնային գծում, որից այն կողմ ականապատ տարածքն է ու ադրբեջանցիների դիրքերը:
«Պետք է առանձին երախտագիտություն հայտնեմ ղարաբաղյան զինվորականներին, ովքեր համաձայնում են թույլատրել լրագրողների մուտքը ռազմաճակատի առաջնային գիծ: Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը չի թույլատրում միջազգային կազմակերպությունների դիտորդներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, մուտք գործել սեփական ռազմաճակատի առաջնային գիծ: Ղարաբաղցիները, հակառակը, ընդունում են բոլորին: Բանն այն է, որ պատերազմը շարունակվում է, դիրքային պատերազմը: Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի կողմից դիպուկահարները (ասում են, որ դրանք երիտասարդ ուկրաինուհիներ են), կրակում են հայ նորակոչիկներ վրա: Փոխադարձ կրակոցների հետևանքով մարդիկ են զոհվում: Եվ, իհարկե, ադրբեջական կողմը չի ցանկանում, որ դիտորդները տեսնեն հակամարտության այսրոպեական էսկալացիայի նախապատրաստումները»,- ընդգծում է Ս. Մուդրին:



Մանրամասներ ներկայացնելով ռազմաճակատում հայ զինվորների կենցաղի, ծառայության պայմանների, պատերազմի հետևանքների՝ տարբեր տեղերում ադրբեջանական զինտեխնիկայի մնացորդների, Արցախի բնության մասին և վկայակոչելով զինվորականների հետ զրույցը, լրագրողը մասնավորապես գրում է. «Լեռնային Ղարաբաղի տարածքի զգալի մասը ծածկող լեռներում կան շատ ստորգետնյա բունկերներ, տրանսպորտային թունելներ, կառավարման կենտրոններ և զորքերի տեղակայվածություն, հետևաբար ադրբեջանցիների վրեժխնդրությունն անիրատեսական է»:
«Ամեն ամիս Ադրբեջանը հայտարարում է կորսված տարածքները հետ գրավելու մտադրության մասին այն ժամանակ, երբ ղարաբաղցիները ամեն օր շարունակում են ամրապնդել սեփական սահմանները և պատրաստում զինվորների նոր սերունդ: Այս հակամարտության լուծումը գտնվում է քաղաքական հարթությունից դուրս: Կողմերից մեկը ապրում է նվաճողական հավակնություններով այն ժամանակ, երբ մյուս կողմը նոր կյանք է կառուցում: Հնարավոր է, որ «գրավելու» ևս մեկ փորձը ընդմիշտ խաղաղություն կհաստատի այս հողում: Սակայն լավ կլինի, որ դա լինի առանց պատերազմի: Ղարաբաղը չափազանց մարդասեր և գեղատեսիլ տարածք է»,- եզրակացնում է լրագրող Ստանիսլավ Մուդրին: