Մարտի կեսերին հնարավոր կլինի երկնքում անզեն աչքով տեսնել Պանսթարս գիսավորը
12/03/2013 20:10

Մարտի կեսերին հնարավոր կլինի երկնքում անզեն աչքով տեսնել Պանսթարս գիսավորը

Մարտի կեսերին հնարավոր կլինի երկնքում անզեն աչքով տեսնել C/2011 L4 Պանսթարս գիսավորը: Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ երկրին ամենամոտ կետում` 1,1 աստղագիտական միավոր հեռավորության վրա (աստղագիտական միավորը` ա.մ., Արեգակի և Երկրի միջև եղած հեռավորությունն է և հավասար է 150 միլիոն կիլոմետրի) գիսավորը գտնվում էր մարտի 5-ին և Արեգակին ամենամոտ կետում` 0.3 ա.մ. հեռավորության վրա` մարտի 10-ին:

«Արեգակից գրեթե նույն` 0,3 ա.մ. հեռավորության վրա է գտնվում Մերկուրի մոլորակը: Գիսավորը շատ լավ տեսանելի կլինի հյուսիսային կիսագնդից մարտի 12-ի և 13-ի մթնշաղին: Այսօր այն կհատի խավարածիրը և երկնքում կհայտնվի նորալուսնից ոչ շատ հեռու: Պանսթարս գիսավորն անցնում է Արեգակին շատ մոտ, այդ պատճառով այն ունի մեծ, գեղեցիկ գես:

Այս գիսավորի ուղեծիրը հիպերբոլական է և խավարածրի նկատմամբ թեքված է 84,2 աստիճանով: Սա C/2011 L4 Պանսթարսի առաջին ու վերջին ճանապարհորդությունն է Արեգակնային համակարգի միջով: Գիսավորը հայտնաբերվել է 2011թ. 7.9 ա.մ. հեռավորության վրա Հավայան կղզիներում (ԱՄՆ) տեղակայված Պանսթարս (PanSTARRS) աստղադիտակով:

Գիսավորները ոչ մեծ չափերի երկնային մարմիններ են` բաղկացած հիմնականում ջրային սառույցից, ածխաթթուներից և փոշուց: Արեգակին մոտենալիս նրանք սկսում են այրվել, և լուսային ճնշման ու արեգակնային քամու ազդեցությամբ առաջանում է գազից և փոշուց բաղկացած գես, որը սովորաբար ուղղված է Արեգակին հակառակ ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Մարտի կեսերին հնարավոր կլինի երկնքում անզեն աչքով տեսնել Պանսթարս գիսավորը