Բաբլոյան. «Պարզեք` քանի՞ հիվանդ է մահանում Երևանի հիվանդանոցներում ամեն օր»
13/03/2013 19:35

Բաբլոյան. «Պարզեք` քանի՞ հիվանդ է մահանում Երևանի հիվանդանոցներում ամեն օր»

««Արաբկիր» ԲԿ-ն աշխատում է 110-120 տոկոս ծանրաբեռնվածությամբ: Գիշերվա ընթացքում այնքան հիվանդներ ենք ունենում, որ ասես ողջ Երևանի պոլիկլինիկաների դերը կատարենք մինչև առավոտ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը: 

Ավելի վաղ Aysor.am-ը անդրադարձել էր «Արաբկիր» ԲԿ-ում գրանցված երկու մահվան դեպքերին: Այս տարվա հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2-ամյա Լիա Միսակյանի հայրը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ իր երեխան մահացել է «Արաբկիր» ԲԿ-ի բժիշկների մեղքով:

2012 թ. սեպտեմբեր 4-ին «Արաբկիր» ԲԿ-ում մահացած 1-ամյա Էլեն Փարսադանյանի մայրը ևս պնդում է, որ իր երեխան մահացել է բժիշկների պատճառով:

«Վերջին շրջանում վերին շնչուղիների ինֆեկցիաների աճ է նկատվում: Դուք կարող եք հետազոտություն անցկացնել և պարզել, թե քանի հիվանդ է մահանում Երևանի տարբեր հիվանդանոցներում ամեն օր»,- ասաց Ա. Բաբլոյանը, իսկ մեր առարկությանը, որ մահվան դեպքերը ավելի վաղ են գրանցվել, նա հետևյալ կերպ պատասխանեց.

««Արաբկիրը» աշխատում է այնպիսի ծանրաբեռնվածությամբ, որ նույնիսկ միջանցքում ու բժիշկների սենյակում են հիվանդներին պառկեցնում: «Արաբկիրը» հիվանդների հանդեպ բժիշկների ուշադրության առումով ևս միշտ առաջատար է եղել, բացի այդ, մեզ մոտ ծառայությունների մակարդակը վերահսկող համակարգ է աշխատում: Նաև լուրջ ներդրումներ ենք կատարում կենտրոնի մասնաշենքի կառուցուման և տեխնիակական հագեցման ուղղությամբ: Եվ այս ամենի հետ ասել, որ «Արաբկիրը» թերի է սպասարկում, ճիշտ չեմ գտնում: Մենք մահվան նման դեպք ունեցել ենք, սակայն դա պետք է դատական բժիշկը ուսումնասիրի, ես չեմ կարող պատասխան տալ դրա պատճառների մասին: Մինչև հետաքննության արդյունքները հայտնի չդառնան, մենք չենք կարող հրապարակել մեր ներքին հետաքննության արդյունքները»,- ասաց Ա. Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ Լիա Միսակյանի մահվանից հետո «Արաբկիր» ԲԿ-ում ներքին հետաքնննություն էր սկսվել, սակայն ԲԿ-ի մամուլի բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնել էին, որ չեն կարող հայտնել հետաքննության արդյունքները հրապարակել, քանի որ դրանք ուղարկել են ՀՀ առողջապահության նախարարություն:

Առոջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ այդ դեպքին ծանոթ է, և որևէ ներքին հետաքննության մասին տեղեկատվություն իրենք «Արաբկիր» ԲԿ-ից չեն ստացել:

«Այժմ նախաքննություն է գնում, և դրա վերաբերյալ տվյալները ոչ հրապարակման, ոչ էլ մասնագիտական փորձաքննության ենթակա չեն: Եթե ներանք ներքին վերլուծություն են արել, ապա այդ տվյալներն իրենց մոտ են, իրենք մեզ միայն դատաբժշկական փորձաքննության պատասխանն են ուղարկել, և այն, ինչ-որ մամուլում կա, մեզ միայն դա է հայտնի: Երբ որ կլինի դատարանի մեղադրական եզրակացություն, այդ ժամանակ էլ մենք իրավունք կունենանք արձագանքել դեպքին»,- ասել էր Կ. Սարիբեկյանը:

Նշենք, որ Aysor.am-ի տեղեկություններով, ԲԿ-ում այս դեպքից հետո բժիշկներին նախազգուշացում է հայտարարվել:

Նախորդող հրապարակում` Արաբկիր ԲԿ-ում մահացած 2-ամյա երեխայի հայրը չի հավատում փորձաքննությանը

2-ամյա երեխան մահացել է հիվանդանոցում. Հայրը մեղադրում է բժիշկներին

«Կամ նրանք գործ են կատարում, կամ էլ նրանց երեխայիցս օրգան է պետք եղել»

Բաբլոյան. «Պարզեք` քանի՞ հիվանդ է մահանում Երևանի հիվանդանոցներում ամեն օր»