HRW-ն քննադատում է Ադրբեջանում քաղաքական ակտիվիստների ձերբակալությունները
13/03/2013 13:55

HRW-ն քննադատում է Ադրբեջանում քաղաքական ակտիվիստների ձերբակալությունները

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել մարտի 10-ին Բաքվում բողոքի ակցիային մասնակցելու համար ձերբակալվածներին, ինչպես նաև տեղի ունեցածի առնչությամբ անաչառ հետաքննություն սկսել: Այս մասին է հաղորդում «Թուրան» լրատվական գործակալությունը:

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանցի ոստիկաններն անհարկի ուժ են գործադրել մարտի 10-ին, բողոքի խաղաղ ակցիան ցրելու նպատակով: Բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցներ ձերբակալվել են, 24 մարդ ստացել է վարչական կալանք:

Human Rights Watch-ը կոչ է անում իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել խաղաղ ցույցի մասնակիցներին, ինչպես նաև հետաքննություն անցկացնել` ուժի կիրառման վերաբերյալ:

«Ադրբեջանի կառավարությունը իրականացնում է խաղաղ միջոցներով սեփական անհամաձայնություն արտահայտելու մարդկանց հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում»,- այս մասին նշել է Human Rights Watch-ի տնօրենի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Ռեյչել Դենբերը:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին հարյուրավոր երիտասարդներ ու ընդդիմության ակտիվիստներ հավաքվել էին Բաքվի կենտրոնական Շատրվանների հրապարակում և իրենց բողոքն էին արտահայտում բանակում նոր զորակոչվածների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: Նրանք պահանջում էին երիտասարդ զինվորների մահվան դեպքերի հետաքննություն: 

HRW-ն քննադատում է Ադրբեջանում քաղաքական ակտիվիստների ձերբակալությունները