.jpg)
CPJ նամակ է հղել Իլհամ Ալիևին` կոչ անելով դադարեցնել ԶԼՄ-ների ճնշումները
Լրագրողների պաշտպանության կոմիտեն` (CPJ) նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և մի շարք այլ պաշտոնատար անձանց, որում կոչ է անում դադարեցնել ԶԼՄ-ների նկատմամբ հետապնդումները: Այս մասին տեղեկացնում է միջազգային կազմակերպության պաշտոնական կայքը:
«Լրագրողների պաշտպանության կոմիտեն գրում է Ձեզ` ցանկանալով ձեր ուշադրությունը սևեռել մամուլի ազատության վատթարացման հարցին, ինչը հարցականի տակ է դնում մամուլի ազատության և մարդու իրավունքների հարցում կառավարության ստանձնած պարտավորությունները, վնասում երկրի միջազգային հեղինակությունը, և խոչընդոտում առաջիկա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների թափանցիկությանը:
Դուք և Ձեր վարչակազմի պաշտոնյաները հրապարակավ հայտարարել եք, որ Ադրբեջանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիների իրավունքները և ազատությունները երաշխավորվում է պետության կողմից: Դուք հաճախակի դատապարտում եք մամուլի դեմ ուղղված հարձակումները և հերքում, որ Ձեր երկրում լրագրողներն են բանտարկվում: Այնուամենայնիվ, Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ մամուլի ազատության մթնոլորտը Ձեր երկրում շատ ավելի վատ է, քան Դուք և ձեր պաշտոնյաները ներկայացնում եք:
Կառավարությունը շարունակում է ձերբակալել քննադատող լրագրողների, դատախազները չեն հետաքննում լրագրողների դեմ հարձակումները, ինչպես նաև՝ դատարանների վճռով անկախ լրատվամիջոցները ահռելի տուգանքներ են վճարում` զրպարտության մեղադրանքով: Օրենսդիրները նույնպես ձգտում են սահմանափակել միջազգային ֆինանսավորումը տեղական ՀԿ-ներին, և աշխատում են «սանձել» համացանցում ազատ արտահայտվելու միտումը: Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այս հետապնդումը սկսվեց մեկ տարի առաջ, երբ Բաքուն հյուրընկալելու էր միջազգային երկու միջոցառումներ` «Եվրատեսիլը» և ՄԱԿ-ի հովանավորությամբ ինտերնետի կառավարման ֆորումը:
Նախագահ Ալիև, այդ խախտումները, ազդելու են ձեր երկրի միջազգային վարկանիշի վրա, և համաձայն Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետազոտություննների՝ Ադրբեջանը աշխարհում մամուլի ազատության հացում ամենամեծ իրավախախտն է: Մենք խնդրում ենք, որ դուք օգտագործեք Ձեր գրասենյակի հզորությունը` ազատ արձակեք ինը բանտարկված լրագրողներին և ապահովեք, որ բոլոր հարձակումները լրագրողների հարցում հետաքննվեն: Մենք նաև կոչ ենք անում Ձեզ հրաժարվել քննադատական լրատվամիջոցներին հետապնդելուց և վետո դնել ցանկացած օրինագծի վրա, որը պարտադրում է համացանցում կամ տեղական մամուլում սահմանափակումներ մտցնել»,- նշված է նամակում: