ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը կառաջադրվի նախագահական ընտրություններին
13/03/2013 20:26

ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը կառաջադրվի նախագահական ընտրություններին

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին նախագական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը: Այս մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Համաձայն տեղեկատվության՝ «Չափավորություն և զարգացում» կուսակցության մամլո խոսնակ Ղոլամ Ալի Դեհղհանը տեղեկացրել է, որ Հասան Ռոհանիի առաջադրման մասին որոշումն արդեն կայացված է և կուսակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին աջակցելու է Ռոհանիին:

Հասան Ռոհանին, միևնույն ժամանակ ԻԻՀ Բանիմացների խորհրդի (Մաջլես-է խոբրեգան) և Քաղաքական համակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ է:

Նկատենք, որ ս.թ. հունիսի 14-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել ԻԻՀ տեղեկատվության նախկին նախարար Ալի Ֆալահիանը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար Մոհսեն Ռեզային, «Հեզբոլլահ» կազմակերպության Իրանի ներկայացուցչության գլխավոր քարտուղար Մոհամմադ Բաղեր Խարազին և «Իմամի ուղու հետևորդների ճակատ» պահպանողական խմբավորման անդամ, Իրանի նախկին ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին:

Պահպանողականների մեկ այլ թևը ներկայացնող «Պահպանողականների եռակողմ կոալիցիան» առաջիկայում պետք է որոշում կայացնի, թե ԻԻՀ Մեջլիսի նախկին նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելից, ԻԻՀ հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդական, նախկին ԱԳ նախարար Ալի Աքբար Վելայաթիից և Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆից ով պետք է որպես միասնական թեկնածու մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին:

Ինչ վերաբերում է բարեփոխական ուժերին, ապա նրանց համար նախագահի միասնական թեկնածուն նախկին նախագահ Մոհամմադ Խաթամին է: Սակայն վերջինս մասնակցության հարցում դեռևս վերջնական որոշում չի կայացրել: 

ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչը կառաջադրվի նախագահական ընտրություններին