Իրաքը պատմական արժեքները վերադարձնելու տասնյակ հայցեր է ներկայացրել
13/03/2013 20:52

Իրաքը պատմական արժեքները վերադարձնելու տասնյակ հայցեր է ներկայացրել

Իրաքը տարբեր երկրների դեմ ներկայացրել է մոտ 40 հայց՝ պահանջելով հետ վերադարձնել 2003 թվականին ԱՄՆ ներխուժումից հետո երկրից ապօրինաբար դուրս բերված պատմական արժեքները: Ինչպես հայտնում է ria.-ru-ն, այս մասին ասել է Իրաքի ՆԳՆ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հուսեյն Ալ-Շամրին:

«Իրաքը 39 դատական գործ է բացել՝ ներկայում օտար երկրներում գտնվող պատմական արժեքները դուրս բերելու հանգամանքները և դրանք վերադարձնելու հարցը պարզելու համար»,- ասել է Շամրին՝ հավելելով, որ մոտ ժամանակներս հայցերը և դատական որոշումները թարգմանվելու են օտար լեզուներով և Իրաքի ԱԳՆ-ի միջոցով ուղարկվելու են այն երկրներ, որտեղ գտնվում են Իրաքի պատմական հուշարձանները:

Ալ-Շամրին հույս է հայտնել, որ օտար երկրները չեն առարկելու և վերադարձնելու են հուշարձանները:

Նշենք, որ Իրաքի բազմաթիվ թանգարաններ, հուշարձաններ և գրադարաններ ավերվել կամ թալանվել էին 2003 թվականի ներխուժումից հետո, ինչպես նաև՝ Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո: Իրաքի իշխանությունները հայտարարում են, որ անհետացել են հնագույն պատմության անգին հուշարձաններ, հնագիտական արժեքներ, արվեստի գործեր, հազվագյուտ գրքեր և ձեռագրեր, որոնցից շատերը հետագայում հայտնաբերվել են արտասահմանում:
 

Իրաքը պատմական արժեքները վերադարձնելու տասնյակ հայցեր է ներկայացրել