«Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ այս վիճակում երկար մնալու ճոխություն»
13/03/2013 21:24

«Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ այս վիճակում երկար մնալու ճոխություն»

«Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցն ու Հայաստանի նախագահին վերընտրվելու կապակցությամբ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքները շատ կարևոր են Հայաստանի համար: Փաստացի, Պուտինից հետո շնորհավորեց ողջ միջազգային հանրությունը: Անգամ արևմտյան դիտորդները, արձանագրելով որոշ ընտրախախտումներ, այնուամենայնիվ, համաձայնեցին, որ ընտրությունները նորմալ են անցել»,- այս մասին, մեկնաբանելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև երեկ կայացած հանդիպումը, «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:

Փոսրձագետի դիտարկմամբ՝ Հայաստանը գտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև, ինչպես մուրճի ու սալի արանքում, վերջիններս շրջափակում են Հայաստանի տարածքը, հետևաբար, ըստ նրա, «Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ անկայուն իրավիճակում երկար մնալու ճոխություն»:

«Հայաստանի այսօրվա տնտեսական վիճակը պահանջում է ներդրումներ կատարել: Գիտեմ, որ Հայաստանը երկար ժամանակ է, ինչ բարձրացնում է Ռուսաստանից վարկ ստանալու հարցը: Կարծում եմ, որ այդ հարցերը քննարկվել են: Եվ պատահական չէ, որ Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո տեղի ունեցավ Աբխազիայի նախագահի հետ հանդիպումը: Իսկ մենք գիտենք, որ Իվանիշվիլիի իշխանության գալուց հետո Վրաստանում օրակարգային հարց դարձավ հարավկովկասյան երկաթուղու բացումը, որն անցնում է Աբխազիայի, Վրաստանի տարածքով՝ դեպի Հայաստան մի կողմից, մյուս կողմից՝ դեպի Ռուսաստան: Չեմ բացառում, որ դա սոսկ զուգադիպություն էր: Կարծում եմ, որ մենք ամբողջությամբ կարող ենք գնահատել այդ այցը միայն որոշ ժամանակ անց:

Բայց այցելության փաստը ինքնին շատ կարևոր է: Հիշեցնեմ, որ Հարավային Կովկասի երեք պետություններից միայն Հայաստանն է մեզ հետ  հանդիսանում ՀԱՊԿ ռազմաքաղաքական դաշինքի անդամ: Եվ դա շատ կարևոր է»,- ընդգծել է Կ. Զատուլինը:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 12-ին, տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: ՌԴ նախագահ Վ. Պուտինը շնորհավորել է նախագահ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ, կարևորել բոլոր ոլորտներում երկու պետությունների միջև համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը: Իր հերթին, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հայ-ռուսական համագործակցության արդյունքները գնահատել բացառիկ` կարևորելով հատկապես ռազմական ոլորտում համագործակցությունը և տնտեսական համագործակցության հետագա խորացումը: 

«Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ այս վիճակում երկար մնալու ճոխություն»