Ցմահ ազատազրկում նշանակվել է 10 ամբաստանյալների նկատմամբ
13/03/2013 20:14

Ցմահ ազատազրկում նշանակվել է 10 ամբաստանյալների նկատմամբ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրականացված ծրագրի շրջանակներում ուսումնասիրված 1735 քրեական գործերից 1690-ը ներկայացնում են 2010 թվականը: Այս մասին հայտնել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ մամուլի ծառայությունը:

Համաձայն ՀՀ Դատական դեպարտամենտի տվյալների՝ 2010 թ. քննված գործերի քանակը կազմել է 3433, ինչը նշանակում է, որ հետազոտության շրջանակներում ուսումնասիրված 2010 թ.-ը ներկայացնող 1690 գործերը կազմում են նույն թվականի բոլոր գործերի առնվազն 49 %-ը: 1735 քրեական գործերով ներգրավված են եղել 2446 ամբաստանյալներ:

Գործերից 691-ը՝ 975 ամբաստանյալներով, եղել են Երևանի դատարաններում քննված գործեր, իսկ 1044-ը՝ 1471 ամբաստանյալներով՝ մարզային դատարաններում քննված քրեական գործեր:

Առավել մեծ թվով գործեր (221) են դիտարկվել Սյունիքի դատարանից, առավել քիչ (50)՝ Արագածոտնի դատարանից, համապատասխանաբար ամենաշատ՝ 294 և ամենաքիչ՝ 82 ամբաստանյալներով: Գործերի գերակշիռ մասում՝ 54.7%-ում, ներգրավված է եղել մեկ ամբաստանյալ, գործերի 20%-ում` 2 ամբաստանյալ, իսկ 6 և ավելի ամբաստանյալների ներգրավմամբ գործերը կազմում են 4.7%:

Հետազոտված դատավճիռներում ամբաստանյալների 94.4%-ը տղամարդիկ են, 5.6%-ը՝ կանայք: Հանցանքի կատարման պահին անչափահաս են եղել ամբաստանյալների 4.4%-ը:

Ամբաստանյալների շուրջ կեսը (49.7%) միջնակարգ կրթություն է ունեցել, 23.6%-ը՝ ոչ լրիվ միջնակարգ՝ տարրական կամ ութամյա կրթություն, 8.9%-ը՝ միջին մասնագիտական, իսկ 16.4%-ը՝ բարձրագույն կրթություն: Աշխատանք են ունեցել ամբաստանյալների միայն 19%-ը:

Իրենց խնամքին անձինք ունեցող ամբաստանյալների շրջանում մեկ ամբաստանյալը միջինում իր խնամքին ունեցել է 2.2 անձ: Իրենց խնամքին անչափահաս երեխաներ են ունեցել 808 ամբաստանյալներ (յուրաքանչյուր 3-րդ ամբաստանյալը):

Նրանցից 40.6%-ը մեկ երեխա, 43.4%-ը՝ 2 երեխա, 12.6%-ը՝ 3 երեխա: Ամբաստանյալներից 22-ը իրենց խնամքին ունեցել են 4 անչափահաս երեխաներ, 5-ը՝ 5 անչափահաս երեխաներ:

Ամբաստանյալների գերակշիռ մասը՝ 96.5%-ը, եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Կատարված հետազոտությունների արդյունքները փաստում են, որ ՀՀ պատժի համակարգը հետ է մնում միջազգային չափանիշներից: Պատժի համակարգում ընգրկված պատժատեսակները սակավաթիվ են, բացակայում են այլընտրանքային պատժատեսակները, միաժամանակ առկա սանկցիաների սանդղակները հստակ չեն:

Մյուս կարևոր խնդիրը վերաբերում է պատիժների որոշ տեսակների կիրառման անարդյունավետությանը, որի արդյունքում պրակտիկայում պատժի նպատակները չեն իրագործվում:

Պրակտիկայում դատարանների կողմից չի մեկնաբանվում կոնկրետ պատժատեսակի և պատժաչափի նշանակումը: Միաժամանակ, միատեսակ կիրառություն չունի նաև պատիժ նշանակելիս հաշվի առնվող հանգամանքների գնահատումը. չեն բացահայտվում հանցանքի կատարմանը դրդող հանգամանքներն ու անձը բնութագրող տվյալները:

Կան դատավճիռներ, որոնցում չեն տարանջատվում անձի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները անձը բնութագրող հատկանիշներից, որոշ դեպքերում նաև՝ ծանրացնող հանգամանքներից:

Դատարաններն առավել հաճախ հաշվի են առնում հետևյալ հանգամանքները. ամբաստանյալի կողմից կատարված արարքի համար զղջալը, խոստովանական ցուցմունքների առկայությունը, ամբաստանյալի դրական բնութագրիչները և այլն:

Ընդհանուր առմամբ ՀՀ-ում բացակայում է այս կամ այն հանգամանքը որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող գնահատելու միասնական պրակտիկան: Հաճախ դատարանների կողմից որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են գնահատվում այնպիսի հանգամանքներ, որոնք որպես այդպիսին չեն կարող հաշվի առնվել. օրինակ՝ անձի կին կամ ամուսնացած լինելը, միասնական պրակտիկա ձևավորված չէ նաև անձի երիտասարդ լինելը՝ որպես պատասխանատվությունը և պատիժը մեղամցնող հանգամանք դիտարկելու հարցում:

Պրակտիկայում առավել հաճախ հանդիպող ծանրացնող հանգամանքը հանցանքն ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ կատարելն է, որին հաջորդում է հանցանքը կատարելու ռեցիդիվն ու հանցանքը որպես արհեստ կատարելը:

Ուսումնասիրված գործերում բացակայել է դատարանների միասնական մոտեցումը «հանցանքն այնպիսի անձի կողմից կատարելը, ով դրանով խախտել է զինվորական կամ մասնագիտական երդումը» ծանրացնող հանգամանքը հաշվի առնելու հարցում: Զինվորական կոչում ունեցող 346 ամբաստանյալից միայն 22-ի (6.35%) դեպքում է այն հաշվի առնվել:

Հատկանշական է, որ օրենսդրական ամրագրում ստացած ծանրացնող հանգամանքների որոշ մասը ուսումնասիրված գործերում ընդհանրապես պրակտիկ կիրառություն չեն ստացել:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 506 ամբաստանյալից յուրաքանչյուր 5-րդի նկատմամբ դատարանի կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշում է կայացվել, սակայն դատարանների կողմից հաշվի առնվող հանգամանքների միասնական պրակտիկա գոյություն չունի: Նկատվող օրինաչափություններից մեկն այն էր, որ դատարանը համապատասխան որոշումը կայացնելիս հաշվի չի առնում անձի՝ դրական բնութագիր ունենալը, ինչն անհասկանալի է և հարցերի տեղիք է տալիս:

Ընդհանուր առմամբ, բացի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների ուսումնասիրությունից, դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշում կայացնելիս առաջնորդվում է այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են անձի նախկին դատվածությունը, առաջադրված հոդվածների քանակը, ամբաստանյալի սեռը և այլն:

Դատարանի կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու առավել մեծ հավանականություն է առկա ամբաստանյալների առավել երիտասարդ տարիքային կազմերի պարագայում: Անչափահասների տարիքը նույնպես, ըստ հետազոտության արդյունքների, պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշման կայացման վրա ազդող էական գործոն է:

Հանցանք գործելիս անձի անչափահաս լինելն էական ազդեցություն ունի դատարանի կողմից օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ նշանակելու վրա: Հատկանշական է այն, որ ամբաստանյալի սեռը քննարկվող հարցի վերաբերյալ որոշում կայացնելիս որևէ դերակատարում չունի:

Ուսումնասիրված դատավճիռներում օրենքով նախատեսվածից մեղմ պատիժ նշանակելիս միջինից առավել հաճախ են հիշատակվել ամբաստանյալի վատառողջ լինելը, հիվանդություն կամ հաշմանդամություն ունենալը, մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմին, պարգևներ կամ պատվոգրեր ունենալն ու սոցիալապես անապահով լինելը:

Անհրաժեշտ է փաստել, որ 2446 ամբաստանյալների վերաբերյալ ուսումնասիրված դատավճիռներում ամբաստանյալին պատժի կրումից ազատելու ոչ մի դեպք չի եղել: Գործերը, որտեղ մեղադրողը առաջադրված մեղադրանքից հրաժարվել է, մեծամասամբ վերաբերում են իգական սեռի ներկայացուցիչներին:

Պատժի քաղաքականության օրինաչափությունները հասկանալու համար քննարկվել են այն հոդվածները, որոնց կրկնման հաճախականությունն առավել բարձր է եղել:

22 առավել տարածված հոդվածների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանցից առավել տարածվածն է Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածով նախատեսված՝ «առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու» հանցագործությունը, որի դեպքում նշանակված ամենատարածված պատժատեսակը 6-ամսյա ազատազրկումն է:

Իսկ «առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» պատժվել է հիմնականում 1 տարի, 6 ամիս, 18 ամիս և 2 տարի ազատազրկմամբ:

Նշված հանցագործությանը հաջորդում է գողության հանցակազմը, որի դեպքում նկատվում է ավելի խիստ մոտեցում, քանի որ ամբաստանյալների մեծամասնության նկատմամբ նշանակված նվազագույն պատիժը եղել է 2 տարի ազատազրկումը:

Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, հիմնականում պատժվել է 24 ամսյա ազատազրկմամբ, սակայն եղել են նաև դեպքեր, երբ նշանակվել է 5000-10000 դրամի չափով տուգանք:

Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածով նախատեսված ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը հանցակազմի դեպքում նկատելի է ավելի մեղմ պատժիչ քաղաքականություն:

Կալանքը որպես պատժատեսակ ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է մեկական 15, 30, 90 օր և երկուական՝ 60 օր տևողությամբ: Այս դեպքում պատժի առավելագույն չափը կազմել է 1 տարի:

Ի տարբերություն վերը ներկայացված հանցագործությունների՝ խուլիգանության դեպքում առավել հաճախ նշանակվել է տուգանք, որի առավել հաճախ հանդիպող պատժաչափը եղել է 200000 դրամ: Իսկ ազատազրկման որոշման դեպքում պատժի չափը չի գերազանցել 1 տարին:

Նշանակված պատիժների մեջ մեղմությամբ աչքի է ընկել նաև դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը հանցագործությունը, որի դեպքում առավել հաճախ նշանակվել է նվազագույն պատիժ՝ 3 տարի ժամկետով ազատազրկում:

Անչափահասների կողմից կատարվող առավել տարածված հանցագործություններն են գողությունը և դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը: Ոչ մի անչափահաս ամբաստանյալի նկատմամբ տուգանքը որպես պատժատեսակ չի նշանակվել:

58 անչափահաս ամբաստանյալից 52-ի նկատմամբ նշանակվել է ազատազրկում տվյալ հոդվածով նախատեսված նվազագույն պատժաչափով, ևս 5 անչափահասի նկատմամբ նշանակվել է ազատազրկում՝ տարբեր պատժաչափերով, մեկ ամբաստանյալ արդարացվել է:

Զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների առավել հաճախ հանդիպող որակումները տրվել են ՀՀ ՔՕ 359.1, 361.1 և 375.1-րդ հոդվածներով:

Հետազոտված դատավճիռներում ամբաստանյալներից և ոչ մեկի նկատմամբ չի կիրառվել հատուկ կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից կամ որակավորման դասից զրկելը որպես պատժատեսակ:

Նշանակված կալանքի միջին տևողությունը կազմել է 37 օր, իսկ ազատազրկման դեպքում պատժի առավելագույն չափը (15 տարի) կիրառվել է միայն 2 ամբաստանյալների նկատմամբ:

Առավել տարածված պատժատեսակը եղել է տուգանքը, որը կիրառվել է 498 ամբաստանյալների նկատմամբ: Ցմահ ազատազրկում նշանակվել է 10 ամբաստանյալների նկատմամբ:

Ցմահ ազատազրկում նշանակվել է 10 ամբաստանյալների նկատմամբ