Դեսպան Հ. Մանուկյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին
13/03/2013 10:53

Դեսպան Հ. Մանուկյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին

Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը երեկ հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոյի հետ:

Շնորհավորելով զրուցակցին կառավորության կազմում ընդգրկվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանը հույս է հայտնել, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը: Նախարար Սերգեյենկոն նշել է, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունն առողջապահության բնագավառում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:

ՀՀ ԱԳՆ մամուլի բաժնից տեղեկանում ենք, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության բնագավառում համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ:

Առողջապահության նախարարը ընդգծել է վրացական կողմի հետաքրքրվածությունը հեռաբուժության բնագավառում Հայաստանի ունեցած փորձում: Միաժամանակ, դեսպան Մանուկյանը հայկական կողմի համար կարևոր է համարել Վրաստանի փորձի ուսումնասիրումը ապահովագրական բժշկության տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում կողմերը միասնական կարծիք արձանագրեցին երկու պետությունների միջև առողջապահության բնագավառում առկա համագործակցության առավել ընդլայնման, հայ և վրաց բժիշկների փորձի փոխանակման անհրաժեշտության մասին:
 

Դեսպան Հ. Մանուկյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության նախարարին