Հակոբ Հակոբյան արվեստագետն անմոռաց  կմնա սերունդների սրտերում
13/03/2013 19:57

Հակոբ Հակոբյան արվեստագետն անմոռաց կմնա սերունդների սրտերում

Մարտի 9-ին, կյանքի 90-րդ տարում վախճանվել է ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական կրկնակի մրցանակակիր, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ - Սուրբ Սահակ շքանշանակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Տիգրանի Հակոբյանը: Այս մասին հայտնել է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:

Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923 թ. մայիսի 16-ին, Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Սովորել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, Կահիրեում և Փարիզի Գրան-Շոմիեր գեղարվեստի ակադեմիայում:

1953 թ. մասնակցել է եվրոպական նկարիչների ցուցահանդեսին և արժանացել երկրորդ մրցանակի: Հակոբյանի երազանքն է եղել ապրել իր հայրենիքում:

1961 թ. հայրենիքին է նվիրել իր լավագույն գործերը, որոնք գնահատվել և ցուցադրվել են Հայաստանի պետական պատկերասրահում: 1962 թ. Հակոբ Հակոբյանն ընտանիքով ներգաղթել է Հայաստան:

Ապրելով Լենինականում, իսկ 1968 թվականից՝ Երևանում, արվեստագետի ստեղծագործական կյանքում ծնունդ են առնում հայրենի բնանկարների խորամիտ, սքանչելի կտավներ, ինչպես նաև ժամանակին արձագանքող հուզաշունչ պատկերներ և քանդակային գործեր: 1967 թ. Հ. Հակոբյանն ընտրվում է Լենինականի քաղաքային, ապա ՀԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ: Արժանացել է մի շարք պետական մրցանակների, ընտրվել է Մոսկվայի գեղարվեստի ակադեմիայի անդամ:

1997 թ. Հ. Հակոբյանին շնորհվել է ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, 2005 թ. Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Մեսրոպ - Սուրբ Սահակ շքանշանները:

Հակոբյան արվեստագետն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում, Պետերբուրգում, Կիևում, Օդեսայում, Ռիգայում, Մինսկում, Թբիլիսիում, Փարիզում, Վենետիկում, Վիեննայում, Հելսինկիում և այլ քաղաքներում:

Մի շարք թանգարաններ ձեռք են բերել Հ. Հակոբյանի աշխատանքները՝ ցուցադրելու նպատակով, լույս են տեսել բազմաթիվ պատկերագրքեր: Նկարչի հայրենասիրական ապրումների հուզող վկայությունն են նրա տասնյակ գործերի նվիրաբերումը «Հայաստան» համահայկական հիմնադրամին, երկրաշարժից տուժածներին օժանդակելու նպատակով Կանադայում անցկացված ցուցահանդես-վաճառքին, ինչպես նաև՝ Փարիզում հայկական արվեստանոցի ձեռքբերմանը:

Հակոբ Հակոբյան մեծ վարպետի արվեստն ու հայենապաշտ ապրումներն անմոռաց կմնան սերունդների ներաշխարհում:
Հակոբ Տիգրանի Հակոբյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով:

Հակոբ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 13-ին, ժամը 18:30-ից 20:30-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը՝ մարտի 14-ին, ժամը 12:00-14:00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Հուղարկավորությունը` ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան պանթեոնում։

Հակոբ Հակոբյան արվեստագետն անմոռաց կմնա սերունդների սրտերում