Սիրիացի երեխաները ներգրավվում են սիրիական հակամարտությունում
13/03/2013 12:07

Սիրիացի երեխաները ներգրավվում են սիրիական հակամարտությունում

«Փրկենք երեխաներին» (Save the children) միջազգային բարեգործական կազմակերպության զեկույցում նշվում է, որ Սիրիայում հակամարտության երկու կողմերի զինված խմբավորումներում աճում է երեխաների ներգրավվածությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Երեխաներին օգտագործում են որպես տեղեկատուներ, բեռներ փոխադրողներ, պահակներ, զինվորներ, իսկ երբեմն էլ՝ որպես կենդանի վահան: Ընտանիքներից շատերում այս երևույթը խրախուսվում է, և ծնողները հպարտությամբ ու հարգանքով են մոտենում դրան, սակայն բազմաթիվ պատանիներ հակամարտությունում ներգրավվում են ոչ իրենց կամքով: Կան բազմաթիվ ապացույցներ, որ երեխաներն այդ ընթացքում վիրավորվել են կամ էլ հաշմանդամ դարձել»,- նշվում է զեկույցում:

Կազմակերպության տվյալներով, մոտ երկու միլիոն սիրիացի երեխա օգնության կարիք ունի: Պատերազմը, որն արդեն շարունակվում է գրեթե երեք տարի, ազդել է կյանքի բոլոր ոլորտների վրա:

Փորձագետները նաև նշում են, որ հակասանիտարական պայմաններում ապրող երեխաների մոտ բարձր է ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու ռիսկը: Բացի այդ, շատերը դպրոց չեն հաճախում:

«Սիրիացի երեխաներն այս հակամարտության մոռացված զոհերն են: Նրանք ամեն օր տեսնում են մահ և տառապանք, ընդ որում նրանք զրկված են տարրական մարդասիրական օգնությունից»,-ասվում է զեկույցում:

Միջազգային բարեգործական կազմակերպության զեկույցը հաստատում է մարտի 12-ին ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ հիմնադրամի զեկույցը, որտեղ նշվում է, որ եթե մոտ ժամանակներս հակամարտությունը չդադարի, ապա Սիրիայում մեծանալու է մի սերունդ, որը չի տեսել ոչինչ՝ բացի բռնությունից և զրկված է եղել կրթությունից: 

Սիրիացի երեխաները ներգրավվում են սիրիական հակամարտությունում