Թոմաս դե Վաալ.  Քաղաքական իրարանցում Կովկասում
13/03/2013 21:35

Թոմաս դե Վաալ. Քաղաքական իրարանցում Կովկասում

«Foreign Policy» պարբերականը տպագրել է «Քարնեգի» հիմնադրամի Կովկասի հարցերով ավագ հետազոտող Թոմաս դե Վաալի` «Քաղաքական իրարանցում Կովկասում» խորագրով հոդվածը:

Ստորև ներկայացնում ենք հոդվածը.

«Ինչպե՞ս կարելի է վերանորոգել տունը, երբ մարդիկ խարխլում են նրա հիմքը։ Այս հարցը կանգած է պուտինյան Ռուսաստանի և Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի առջև։ Նրանցից յուրաքանչյուրում իշխող վարչակարգերը, որոնք թվում է՝ կայուն ամրապնդել են իրենց դիրքերը, բախվել են և շարունակում են բախվել ժողովրդական ցույցերի նոր արտահայտումների։

Այս երկրներից յուրաքանչյուրը 1990-ականներին վերապրել է զանգվածային քաղաքական անկարգությունների և ցնցումների ժամանակաշրջան, սակայն վերջին տարիներին թվում էր, թե մարդիկ կորցրել են հավատը հանրային կոլեկտիվ ջանքերի նկատմամբ և պատրաստ են հաշտվել ցանկացած կառավարչի հետ, որը երաշխավորում է գոնե որոշակի կայունություն։ Այսօր արդեն այդպես չէ։ Երկարատև կոմայից հետո այստեղ վերադարձել է քաղաքականությունը։

Այժմ ուշադրության կենտրոնում է հայտնվել փոքրիկ Հայաստանը։ Փետրվարի 18-ին այնտեղ տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի արդյունքում վերընտրվեց գործող նախագահ Սերժ Սարգսյանը։ Սարգսյանի՝ առանց առանձնահատուկ դժվարության ձեռք բերած հաղթանակը թվում էր՝ կանխորոշված է, քանի որ նրա երկու ենթադրյալ հակառակորդները դուրս մնացին մրցապայքարից։ Սակայն ընտրարշավի վերջին երկու շաբաթներին անսպասելիորեն դիրքերը բարելավեց ընդդիմադիր թեկնածու, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Քվեարկության օրը Սարգսյանին հայտարարեցին հաղթող՝ 59% ձայնով։ Հովհաննիսյանը պաշտոնապես ստացավ մոտ 37% ձայն և հայտարարեց, որ հաղթել է երկրի երկրորդ ու երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում։

Երկրում արթնացան բազմաթիվ դժգոհ քաղաքացիներ, սակայն շատ ուշ արթնացան, որպեսզի ազդեն ընտրությունների ելքի վրա։ Եթե քարոզարշավը շարունակվեր ևս երկու շաբաթ, միանգամայն հնարավոր է, որ ուժի պահը Հովհաննիսյանին օգներ դուրս գալ քվեարկության երկրորդ փուլ։

Սակայն համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ նախագահ Օբաման, արդեն շնորհավորել են Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ։ Պետդեպարտամենտը ընտրություններն անվանել է «ընդհանուր առմամբ լավ կազմակերպված և հիմնարար ազատություններին, ներառյալ՝ հավաքների ազատությունն ու ազատ արտահայտումը, համապատասխան»։ Հայաստանի խնդիրը ոչ այնքան քվեարկության օրն է, որքան քարոզարշավի իրականացման պայմանները։ Այնտեղ տեղական պաշտոնյաները ծառայում են փոքրաթիվ իշխող էլիտային, այլ ոչ թե պետությանը որպես այդպիսին։ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալյավինին բարձրացրեց այս թեման, երբ հայտարարեց «պետության և իշխող կուսակցության միջև տարբերությունների վերացման մասին»։

Րաֆֆի Հովհաննիսյանը պարկեշտ մարդ է, նա «փչացած չէ» կոռուպցիոն քաղաքականության հետխորհրդային փորձով։ Սակայն նա աութսայդեր է, որը ծնվել է Կալիֆոռնիայում, և քչերը կարող են նրան պատկերացնել Հայաստանի նախագահ։ Ակնհայտ է, որ նա մարդկանց համախմբել է բողոքի ցույցի շուրջ, որն իրենից ավելի ուժեղ է։ Ինքը՝ Հովհաննիսյանը, ընտրությունների արդյունքները չի ճանաչել և անսպասելի արդյունավետությամբ կազմակերպել է զանգվածային հանրահավաքներ և ցույցեր ամբողջ երկրով մեկ։ Սակայն շատ դժվար է պատկերացնել, թե նա ինչպես կկարողանա առաջիկայում գերիշխող դիրք գրավել նախագահի նկատմամբ, որին ճանաչել է միջազգային հանրությունը և որը վերահսկում է Հայաստանում իշխանության բոլոր լծակները։

Սակայն ավելի երկարաժամկետ հեռանկարում նախագահն ունի խնդիր։ Հանրային կարծիքի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում խիստ դժգոհ են կոռուպցիայից, աղքատությունից և իշխանության չարաշահումից։ Սա արտահայտվում է տնտեսության ծանր իրադրությամբ և ուղեղների շարունակվող արտահոսքով։ Սարգսյանը կոնսենսուսային մարդ է, որը առնվազն պատրաստ է լսել իր ընդդիմախոսներին։ Եթե նա չի ցանկանում ունենալ կապտուկներով լի տևական երկրորդ ժամկետ, պետք է այժմ մտածի՝ ինչ քայլեր են հարկավոր ձեռնարկել՝ ժողովրդի դժգոհությանը պատասխանելու և առաջիկայում հանդարտեցնելու համար։ Սակայն նա գիտի, որ համակարգի վերակառուցման ոչ հմուտ գործողությունները կարող են հանգեցնել նրա իշխանության խարխլման։

Լինելով նախագահ մի երկրի, որի քաղաքացիները սփռված են աշխարհով մեկ, Սարգսյանը նաև բախվում է մարտահրավերների, որ նրան շարունակում է նետել հայկական Սփյուռքը։ ԱՄՆ-ում Սփյուռքի հիմնական երկու կազմակերպությունների՝ Հայկական ասամբլեայի և Ամերիկայի հայ ազգային կոմիտեի կայքերը ցուցադրաբար լռում են Հայաստանում հինգ տարին մեկ տեղի ունեցող ընտրությունների կապակցությամբ:

Կովկասյան քաղաքականության անցած տարվա դասն այն է, որ հանրային կարծիքը մոնոլիտ չէ, այլ ալիք է։ Դժգոհությունը կարող է անսպասելի ուժեղանալ՝ հայտնվելով որտեղից որտեղ։ Գործող ղեկավարն ունի լռելյայն հեղինակություն և հավատարմություն, սակայն երբ նրա իշխանությունը սկսում է ցնցվել և տատանվել, այդ ալիքը կարող է սրբել նրան։ Հենց այդպես եղավ անցյալ աշնանը Վրաստանում, սակայն դա տեղի չունեցավ Ռուսաստանում ու Հայաստանում:

Ադրբեջանի Արևմուտքում Հայաստանն է, որի հետ Ադրբեջանը ունի չլուծված հակամարտություն։ Իր նոր ձեռք բերված հարստությունը Ադրբեջանը ստանում է գրեթե բացառապես նավթից ու գազից։ Սա ստեղծում է խնդիր, որին բախվում է Պուտինը Ռուսաստանում, քանի որ բնակչության մի մասն արդեն չի ցանկանում ընդունել «մենք ձեզ տալիս ենք նյութական բարեկեցություն, իսկ դուք մեզ թույլ տվեք կառավարել երկիրը մեր հայեցողությամբ» սկզբունքով գործարքը»:

Թոմաս դե Վաալն անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցող ցույցերին, գրում է. «Ալիևին պետք չէ ունենալ հանգիստ երրորդ ժամկետի հույս հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո։ Նրան սպառնում են Սարգսյանի խնդիրները, սակայն շատ ավելի լուրջ ձևով։ Կկարողանա՞ նա արդյոք փոխել իշխանության գործող կառուցվածքը և զսպել նրա ամենաբացասական ու անօրինական տարրերը՝ չթուլացնելով դրանով իսկ կառուցվածքը»:
 

Թոմաս դե Վաալ. Քաղաքական իրարանցում Կովկասում