.jpg)
ԱՄՆ-ն կասկածի տակ է դրել Իրանի՝ միջուկային զենք արտադրելու մտադրությունը
Թեհրանի միջուկային ծրագիրն ուղղված է երկրի հեղինակությունը բարձրացնելուն և տարածաշրջանում ազդեցությունը ամրապնդելուն, սակայն ԱՄՆ-ն վստահ չէ, որ Իրանն իսկապես մտադիր է միջուկային զենք մշակել: Այս մասին հայտնում է vz.ru-ն՝ հղում կատարելով ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերի հայտարարությանը:
«Մենք գտնում ենք, որ Իրանը միջուկային ծրագիրը մշակում է իր անվտանգությունը, հեղինակությունը ամրապնդելու, տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու, ինչպես նաև՝ միջուկային զենք ստանալու հնարավորություն ձեռք բերելու համար: Սակայն մենք չգիտենք, արդյոք Իրանը կորոշի ի վերջո միջուկային զենք մշակել»,- ասել է Կլեպերը:
«Թեհրանը մի շարք ուղղություններում իրականացնում է տեխնիկական փորձարկումներ, այդ թվում՝ ուրանի հարստացում, բալիստիկ հրթիռների, միջուկային ռեակտորների, (շինարարություն)»,- ընդգծել է Կլեպերը՝ ավելացնելով, որ այդ ամենը ամրապնդում է իրենց ենթադրություններն այն մասին, որ Իրանը ունի միջուկային զենք արտադրելու գիտական, տեխնիկական և արդյունաբերական հնարավորություններ:
Հետախուզության տնօրենը նշել է, որ «անցած տարի Իրանը ռազմական նպատակներով ուրանի արտադրության ոլորտում բարելավել է իր դիրքերը»՝ ենթադրելով, որ միջուկային զենքի տեղակայման դեպքում Իրանը, ամենայն հավանականությամբ, որպես արձակման հիմնական միջոց կընտրի բալիստիկ հրթիռները: