.jpg)
Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար
«Ազատություն» ռադիոկայանի եվրոպական ծառայությունը տպագրել է Արիֆա Կազիմովայի և Դեյզի Սինեդլարի` Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հոդվածը:
Վերջիններս անդրադարձել են այն հանգամանքին, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցած շաբաթ ոստիկաններ ցրել էին զինված ուժերում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողների բողոքի ակցիան:
«Նման բախումներն ավելի են աճելու, քանի որ հոկտեմբերին տեղի են ունենալու նախագահական ընտրություններ, որոնց ժամանակ ակնկալվում է, որ նախագահ Ալիևը երրորդ ժամկետում կառաջադրվի:
Արևմուտքում Ալիևին շատ են քննադատում` խորապես կոռումպացված, «նավթից կերակրվող» վարչակազմի առկայության համար: Ալիևն իր իշխանությունն ամրապնդելու համար պարբերաբար փորձում է քննադատների «բերանը փակել» և բանտարկում է նրանց:
ԱՄՆ Պետդեպարտամենտը մարդու իրավունքների տարեկան զեկույցում Ալիևին նկարագրել է որպես գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններում «գերիշխող դիրք» ունեցող անձնավորություն:
Շատերը, սակայն նշում են, որ նման քննադատություններից հետո, Միացյալ Նահանգները գործնական առումով քիչ բան են անում` ցուցարարների, լրագրողների, իրավապաշտպանների նկատմամբ ճնշումները դադարեցնելու ուղղությամբ:
Շատ մտահոգիչ է Ադրբեջանին զենք մատակարարելու հանգամանքը: Այս երկիրն օգտագործում է իր էներգետիկ եկամուտները` հարևան Հայաստանի հետ վիճելի տարածքի` Լեռնային Ղարաբաղի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար:
Միևնույն ժամանակ, այս երկիրը կայուն կերպով զինանոց է ստեղծել. ամբոխի վերահսկման սարքեր, որոնք նա պարբերաբար օգտագործում է հակակառավարական բողոքի ակցիաների ժամանակ, այդ թվում` մահակներ, ռետինե փամփուշտներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ»,- նշված է հոդվածում: