CPJ-ն կոչ է անում Թուրքիային` ազատ արձակել բոլոր բանտարկված լրագրողներին
14/03/2013 21:15

CPJ-ն կոչ է անում Թուրքիային` ազատ արձակել բոլոր բանտարկված լրագրողներին

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) դատապարտել է Թուրքիայում լրագրող Մուրաթ Այդինիի (Murat Aydin) ազատազրկման դատավճիռը և կոչ արել իշխանություններին՝ չեղյալ հայտարարել այն: Այս մասին տեղեկացնում է միջազգային կազմակերպության պաշտոնական կայքը:

Արևելյան Վանի մարզային դատարանը քրդամետ «Dicle» լրատվական գործակալության լրագրող Մուրաթ Այդինին դատապարտել է 6 տարի 3 ամիս ազատազրկման` Քուրդիստանի Աշխատավոր կուսակցության անդամ լինելու մեղադրանքով: Այդինին, սակայն, հերքել է մեղադրանքները: Նրա փաստաբան Հալիլ Քարտալը Լրագրողների պաշտպանության կոմիտեի հետ զրույցում նշել է, որ Այդինին ձերբակալել էր իր մասնագիտական գործունեության համար:

«Վերաքննիչ դատարանը պետք է չեղյալ հայտարարի Մուրաթ Այդինիի քաղաքականացված վճիռը: Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին պահպանել ժողովրդավարական արժեքները` ազատ արձակել բոլոր բանտարկված լրագրողներին և թույլ տալ, որ ԶԼՄ-ները ի կատար ածեն իրենց կենսական դերը` առանց վախի զգացումի»,- նշել է CPJ տնօրենի տեղակալ Ռոբերտ Մահանին (Mahoney):
 

CPJ-ն կոչ է անում Թուրքիային` ազատ արձակել բոլոր բանտարկված լրագրողներին