.jpg)
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան խոստացել են զինել սիրիացի ապստամբներին
Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը մարտի 14-ին հայտարարել է, որ իր երկիրը և Մեծ Բրիտանաին սկսելու են զինել սիրիացի ապստամբներին, եթե նույնիսկ ԵՄ ոչ բոլոր երկրները դա հաստատեն: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով France Presse-ին:
Ֆաբիուսի խոսքով՝ Փարիզն ու Լոնդոնը կփորձեն հնարավորինս շուտ ԵՄ-ում քննարկման դնել Սիրիա զենք մատակարարելու էմբարգոն հանելու հարցը, որպեսզի «հակամարտության զինյալները հնարավորություն ստանան պաշտպնել իրենց»: Ընդ որում, նա ավելացրել է, որ եթե այդ գաղափարը միաձայն աջակցություն չստանա ԵՄ բոլոր 27 պետությունների կողմից, րանսիան և Մեծ Բրիտանիան զենքի մատակարարման հարցը կլուծեն ինքնուրույն: «Ֆրանսիան անկախ երկիր է»,- հիշեցրել է նախարարը:
Ավելի վաղ ԵՄ-ն մտադիր էր Սիրիա զենք մատակարարելու էմբարգոն հանելու կամ երկարաձգելու հարցը քննարկել մայիսին, սակայն Փարիզը և Լոնդոնը փորձում են մոտեցնել այդ հարցի քննարկման ժամկետը: Ֆաբիուսը դրա հետ կապված չի բացառել, որ քննարկումը կարող է տեղի ունենալ մարտի վերջին:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երկու օր առաջ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան լրջորեն վերանայում է սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու հարցը, և պատրաստ է շրջանցել Եվրոպական Միության՝ Սիրիա զենք մատակարարելու էմբարգոն, եթե այլ անդամ-երկրներ հրաժարվեն մայիսին պատժամիջոցները չեղյալ հայտարարել:
Փետրվարին ԵՄ-ն որոշել էր երեք ամսով երկարացնել Սիրիա զենք մատակարարելու էմբարգոն՝ միաժամանակ թույլ տալով անդամ-երկրներին Սիրիա մատակարարել սննդամթերք, դեղորայք և «ոչ մահացու սարքավորումներ»՝ ռացիա, զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, և նմանատիպ այլ իրեր: