Պուտինը և Աբբասը հույս ունեն այս տարի լուծել պաղեստինա-իսրայելական խնդիրը
14/03/2013 21:06

Պուտինը և Աբբասը հույս ունեն այս տարի լուծել պաղեստինա-իսրայելական խնդիրը

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես հայտնում է The Daily Star-ը, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման քայլերը:

Աբբասը նշել է, որ Ռուսաստանի և Պաղեստինի հարաբերությունները «գտնվում են մշտական զարգացման մեջ»: Երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ այս տարի առաջընթաց կգրանցվի պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցում:

«Մենք հույս ունենք, որ այս տարի դրվելու է Իսրայելի հետ առարկայական բանակցությունների սկիզբը: Թեև այդքան էլ մեծ շանսեր չկան, սակայն հույս ունենք, որ քաղաքական կարգավորում կլինի՝ հիմնված երկու պետությունների ստեղծման սկբունքի հիման»,- հայտարարել է Աբբասը:

Պուտինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է խաղաղ բանակցությունների վերադառնալու համար «իրենից կախված ամեն ինչ անել»՝ ավելացնելով, որ Ռուսաստանի և Պաղեստինի հարաբերությունները պատմական հիմք ունեն, որը, անկասկած, օգնելու է հարաբերությունները զարգացնել ինչպես այժմ, այնպես էլ ապագայում:

 

Պուտինը և Աբբասը հույս ունեն այս տարի լուծել պաղեստինա-իսրայելական խնդիրը