.jpg)
«Այն, որ Վ. Գասպարյանը չոքում է նրա նստարանի առջև, արդեն հաղթանակ է»
«Բարեպաշտ քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի կերպարը փչանում է հացադուլի պատճառով: Եթե երկու տարի առաջ Ազատության հրապարակում ծոմ հայտարարած Ր. Հովհաննիսյանի քայլը իմ կողմից յուրահատուկ էր ընկալվել, ապա այժմյանը՝ ոչ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ա. Արշակյանի կարծիքով` նախորդ ընդդիմադիր գործիչների արած աշխատանքը թերագնահատվում է, չնայած, որ նրանց ստեղծած իրադրությունից է օգտվում Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Ր. Հովհաննիսյանը կա՛մ կհամագործակցի իշխանության հետ ու կուսակցական գործընկերներին հնարավորություն կտա անել քաղաքական կարիերա, կա՛մ էլ քաղաքական դաշտը լքած կուսակցությունները կվերադառնան ասպարեզ, և նրա դիրքը կթուլանա»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս` Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, Ր. Հովհաննիսյանը դիմեց հացադուլի, քանի որ պայքարի այլ ձևերը սպառված համարեց:
«Այն, որ նա արդեն հասել է լրջագույն արդյունքի, ես իմ մաշկի վրա եմ զգացել: Այն, որ Վլադիմիր Գասպարյանը գնում է ու չոքում է նրա նստարանի առջև, արդեն իսկ հաղթանակ է: Րաֆֆին իր քայլերով իշխանություններին ստիպեց վերանայել իրենց վարքագիծը»,- ասաց նա: