«Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն Րաֆֆի Հովհաննիսյանի ասածը կընդունեն ի գիտություն»
14/03/2013 19:50

«Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն Րաֆֆի Հովհաննիսյանի ասածը կընդունեն ի գիտություն»

«Ես չեմ կարող մեկնաբանել որևէ այլ կուսակցության տեսակետ, բայց կարող եմ ասել, որ առանցքը ցանկացած հաղթանակի, պայքարի, իրավունքի, ոչ թե կուսակցությունն է, այլ հայ ժողովուրդը»,- Ազատության հրապարակում ասաց հացադուլ հայտարարած նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին, թե նախատեսո՞ւմ է կրկին հանդիպել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ ու քննարկել համախմբվելու վերաբերյալ հարցեր, Ր. Հովհաննիսյանը նկատեց, որ հարցը պետք է ուղղել Ծառուկյանին:

«Դուք գիտեք, որ ես տևապես Ազատության հրապարակում եմ, կընդունեմ ցանկացած քաղաքացու, կուսակցապետի, մտավորականի, ով ուզում է գալ և մասնակցել ժողովրդական այս պայքարին»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:

Պարզելու համար, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կայցելի Ազատության հրապարակում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին, զանգահարեցինք Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին:

Ի. Տոնոյանը հիշեցրեց, որ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության մի շարք ներկայացուցիչներ արդեն իսկ այցելել են Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այցելությանը, ապա ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը դա կընդունեն ի գիտություն»,- եզրափակեց խոսքը Ծառուկյանի մամուլի խոսնակը:
 

«Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն Րաֆֆի Հովհաննիսյանի ասածը կընդունեն ի գիտություն»