Հայկական ինքնության խնդիրները գիտաժողովի հյուրերը Հայաստանում են
15/03/2013 20:20

Հայկական ինքնության խնդիրները գիտաժողովի հյուրերը Հայաստանում են

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունեց Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայտոսթյանին, նույն համալսարանի սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանին, լեզվաբան Անդրանիկ Եղիայանին, Ամերիկայի Միացյալ Նաhանգներում գործող «Diaspora» ամսագրի խմբագիր Խաչիկ Թեոլեոլյանին: 

Նրանք Հայաստան էին եկել՝ մասնակցելու ՀՀ սփյուռքի նախարարության, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի և Բեյրութի Հայկազյան համալսարանի սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Հայկական ինքնության խնդիրները 21-րդ դարում» խորագրով գիտաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի նախարարությունից:

Հ. Հակոբյանը խոսեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերի մասին: Նախարարի խոսքով՝ գիտական ուսումնասիրությունների մակարդակով են հետազոտվում Սփյուռքին վերաբերող խնդիրներն ու հարցադրումները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայկական Սփյուռքի առջև ծառացած մարտահրավերները. հայապահպանության, լեզվի պահպանության հիմնախնդիրները: Այս համատեքստում նախարարության իրականացրած հայրենաճանաչության, կրթական և մշակութային ծրագրերի ազդեցությունը միանշանակ նկատելի է աշխարհասփյուռ հայության՝ ազգային գաղափարախոսության շուրջ համախմբվելու հարցում:

Հյուրերը նախարարի հետ կիսեցին Հայկական Սփյուռքում առկա հիմնախնդիրների վերաբերյալ իրենց մտահոգությունները: Անդրադարձան նաև հայրենադարձված սփյուռքահայերին Հայաստանում ապրելու և հաստատվելու իրական հնարավորություններին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ակտիվորեն գործակցել նախարարության ծրագրերի շրջանակներում, հատկապես՝ համահայկական նշանակության գաղափարների շուրջ համախմբվելու գործում:
 

Հայկական ինքնության խնդիրները գիտաժողովի հյուրերը Հայաստանում են