Փաշինյան. Ապրիլի 9-ի երդմնակալությունը պետք է վերածել խղճուկ երեկույթի
15/03/2013 19:07

Փաշինյան. Ապրիլի 9-ի երդմնակալությունը պետք է վերածել խղճուկ երեկույթի

Փետրվարի 18-ից հետո Հայաստանում հաստատված քաղաքական իրավիճակը դինամիկ փոփոխությունների է ենթարկվում: Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա ասաց, որ ժողովուրդը չի նահանջելու ոչ մի դեպքում. «Սերժ Սարգսյանը, Գորիկ Հակոբյանը, Վլադիմիր Գասպարյանը պետք է հստակ գիտակցեն, որ կարող են գրոոհել, սակայն ժողովուրդը բռնությանը բռնությամբ չի պատասխանելու և անելու է ավելին` չի նահանջելու»:

Ն. Փաշինյանի խոսքով` Ազատության հրապարակի շարժումն ունի կարևոր խնդիրներ` իշխանության, կառավարության ձևավորում, այլ կերպ ասած` իշխանափոխություն, «որը միայն ու միայն Րաֆֆի Հովհաննիսյանի գործառույթն ու լիազորությունն է»:

Պատգամավորն առաջարկեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թույլտվությամբ գումարվի բաց հասարական խորհուրդ, որի ժամանակ նոր իշխանության վերաբերյալ իրենց առաջարկները կներակայցնի հասարակությունը:

«Արդեն իսկ ակնհայտ է, որ քաղաքական գործընթացը գագաթակետին է հասնելու ապրիլի 9-ին, երբ ժողովրդի կողմից ընտրված նախագահը պետք է ստանձնի իր պաշտոն»,- հայտարարեց Փաշինյանը:

Կանխելու համար Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, Ն. Փաշինյանի խոսքով, պետք է այն անիմաստ դարձնել. «Նույն օրը մենք պետք է լցնենք Հանրապետության հրապարակը, և ապացուցենք, որ ժողովորդն ընտրել է իր նախագահին, ով Սերժ Սարգսյանը չէ: Նա ունի միայն մի դահլիճ, որի կեսից ավելին մտքով Հանրապետության հրապարակում է»:

Ն. Փաշինյանը նշեց, թե երդմնակալությունը պետք է վերածել «խղճուկ երեկույթի»,  պետք է վերահաստատել ժողովրդի կայացրած որոշումը, ըստ որի՝ նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Հանրապետության հրապարակ եկեք ընտանիքներով: Այդ օրը չի լինելու բախում, այդ օրը լինելու է մեծ տոն»,- խոստացավ Փաշինյանը: 

Փաշինյան. Ապրիլի 9-ի երդմնակալությունը պետք է վերածել խղճուկ երեկույթի