.jpg)
Վաշինգթոնը ողջունում է սիրիացի ընդդիմադիրներին զենք մատակարարելու որոշումը
Վաշինգթոնը ողջունել է ԵՄ որոշ անդամ-երկրների՝ Սիրիայի ընդդիմությանը ռազմական օգնություն տրամադրելու մտադրությունը: Այս մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունը:
«Մենք միանշանակ ցանկանում ենք, որպեսզի հնարավորինս շատ կառավարություններ Սիրիայի ընդդիմադիր կոալիցիային տրամադրեն անհրաժեշտ օգնությունը»,- հայտարարել է Նուլանդը՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն չի ցանկանում միջամտել ԵՄ երկրների՝ զենք մատակարարելու էմբարգոն թուլացնելու վերաբերյալ ներքին քննարկումներին:
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է «օգնության այն տեսակներին, որի մասին բացահայտ հայտարարել են Ֆրանսիան և Մեծ Բրիտանինա», սակայն Վաշինգթոնում մինչ այժմ գործում է միայն «ոչ ռազմական» օգնություն ցուցաբերելու որոշումը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ իր երկիրը սկսելու է զինել սիրիացի ապստամբներին, եթե նույնիսկ ԵՄ ոչ բոլոր երկրները դա հաստատեն` հիշեցնելով, որ Ֆրանսիան անկախ երկիր է: Մի քանի օր առաջ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ ասելով, որ Մեծ Բրիտանիան լրջորեն վերանայում է սիրիացի ապստամբներին զենք մատակարարել հարցը, և պատրաստ է շրջանցել Եվերապական միության՝ Սիրիա զենք մատակարարելու էմբարգոն, եթե այլ անդամ-երկրներ հրաժարվեն մայիսին պատժամիջոցները չեղյալ հայտարարել: