Ա. Սարգսյան. Մութալիբովը պահանջում էր Գորբաչևից դատարկել Ղարաբաղը հայերից
18/03/2013 13:41

Ա. Սարգսյան. Մութալիբովը պահանջում էր Գորբաչևից դատարկել Ղարաբաղը հայերից

«Այազ Մութալիբովը Ադրբեջանի ավելի տոլերանտ նախագահի իմիջ ուներ և 20 տարի անց նա հայտարարում է, որ «Կոլցո» գործողության իրականացումը ինքն է պարտադրել Միխայիլ Գորբաչևին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վերջին հայտարարություններին, ասաց Հայաստանի Կոմկուսի ԿԿ նախկին առաջին քարտուղար, Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը:

Նա նշեց, որ ադրբեջանական կողմը երբեք մարդասիրական զգացմունքներ չի տածել հայերի նկատմամբ, իսկ Մութալիբովը 1990-ական թթ.-ին պահանջում էր Գորբաչևից դատարկել Ղարաբաղը հայերից:

«1991 թ.-ին ինձ Մոսկվայում մոտեցավ Մութալիբովը և խնդրեց հետաձգել Միխայիլ Գորբաչևի հետ իմ հանդիպումը, իսկ ինքը դրան ի պատասխան կդադարեցնի հայերի դեպորտացիան, սակայն ես մերժեցի նրան»,- ասց բանախոսը:

Անդրադառնալով 1995 թ.-ին իր և Այազ Մութալիբովի` Մոսկվայում կայացած հանդիպմանը, Սարգսյանը նշեց, որ այդ ժամանակ Մութալիբովը խոստովանել է, որ Ադրբեջանը պարտվել է ղարաբաղյան պատերազմում, սակայն հայերը չպետք է իրենցից պահանջեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Բանախոսը նշեց, որ Այազ Մութալիվովի այդ հայտարարությունները պետք է օգտագործվեն հայկական դիվանագիտության կողմից՝ կապված թե' «Կոլցո» գործողության հետ, թե' Խոջալուի դեպքերը հետ կապված ադրբեջանական ապատեղեկատվությանը պատասխանելու առումով:

Ա. Սարգսյան. Մութալիբովը պահանջում էր Գորբաչևից դատարկել Ղարաբաղը հայերից