Բարոյական չէ առանց նրանց հարցնելու անուններ տալ ստվերային կառավարությունում
18/03/2013 15:39

Բարոյական չէ առանց նրանց հարցնելու անուններ տալ ստվերային կառավարությունում

Ստվերային կառավարության կազմի համար անուններ հնչեցնելիս բարոյական չէ, առանց նրանց հարցնելու, անունները հնչեցնելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

«Ես չեմ ուզում ո՛չ գնահատական տալ այդ գործընթացներին, ո՛չ էլ առավել ևս՝ հնչեցված ազգանուններին: Դա իրենց կուսացության խնդիրն է»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ իր անունն էլ լինի ստվերային կառավարության ցանկում, Գ. Ջհանգիրյանն ասաց. «Գիտե՞ք ինչ կա, ես չեմ կարծում, որ Լևոն Զուրաբյանը համաձայնել է, որ իր անունն այնտեղ հնչի, կամ Ստեփան Դեմիրճյանը, ում անուններն այնտեղ բարձրաձայնել են… Կա նաև բարոյականության խնդիր, որ առանց այդ անձանց հետ ինչ-որ նախնական համաձայնության, իրենց անունները այնտեղ հնչեցնելը, չեմ կարծում, թե դա այդքան ճիշտ բան է»:

Որպես հետընտրական զարգացումների հանգուցալուծում` Գ. Ջհանգիրյանը նշեց, թե դժվար է պատկերացում, թե ինչով պետք է ավարտվի և ինչ զարգացումներ կարող են լինել, «որովհետև հստակ ինչ-որ ծրագիր ներկայացված չի, կամ գործողությունների մեջ ես այսպես տրամաբանական քայլերի հաջորդականություն չեմ տեսնում»:

Հարցին, թե ի՞նչ պետք է արվեր, որ չի արվում, Գ. Ջհանգիրյանը նկատեց, որ չի ցանկանում խորհուրդներ տալ «Ժառանգության» առաջնորդին, և նա էլ պետք է որոշի իր անելիքները:

«Այ, որ ես լինեի, այն ժամանակ էլ կասեի, քանի որ ես չեմ, մենք չենք, Կոնգրեսը չի, այստեղ խորհուրդներ տալը անշնորհակալ գործ է: Այնտեղ բազմաթիվ գործիչներ կան, որոնք խորհուրդներ են տալիս, իսկ ես էդ խորհրդատու անձանց շրջանակի մեջ չեմ»,- եզրափակեց խոսքը Գ. Ջհանգիրյանը: 

Բարոյական չէ առանց նրանց հարցնելու անուններ տալ ստվերային կառավարությունում