.jpg)
Փորձագետ. Ո՞վ է Ր. Հովհաննիսյանի մրցակիցը քաղաքական դաշտում
Քաղաքականության մեջ որոշիչ դեր է կատարում մրցակցի, հակառակորդի կամ նույնիսկ թշնամու կերպարը, դրա հստակեցումը և նրա հետ կոմունիկացիայի հաստատումը: Ր. Հովհաննիսյանը պետք է հստակեցնի, թե ով է նրա հակառակորդը կամ մրցակիցը, որպեսզի նրա պայքարը դառնա լեգիտիմ և քաղաքական, որպեսզի ՍԴ որոշումից հետո պայքարը դադարի ընկալվել որպես չհիմնավորված պահանջ:
Բանն այն է, որ մարդիկ միշտ համախմբվում են ինչ-որ մեկի /ընդհանուր հակառակորդի կամ թշնամու/ դեմ:
Քաղաքականությունը մարդկանց համախմբումն օգտագործելու՝ կառավարելու և ուղղորդելու արվեստն է: Այսինքն՝ քաղաքական բնույթի հանրահավաքի մասնակիցներին պետք է ասվի, թե ում դեմ են նրանք համախմբված: Ու՞մ գոյությունն է, ու՞մ լինելն է, որ խանգարում է այդ մարդկանց հանգիստ ապրել: Եվ ամենակարևորը՝ այդ հակառակորդը /կամ թշնամին/ պետք է լինի կոնկրետ անձ, ոչ թե երևույթ /անրադարություն, վախ և այլն/: Նա պետք է լինի իրական, կոնկրետ և գործող անձ, ով ինչ-որ բաներ է անում հավաքվածների դեմ: Իսկ եթե հայտարարվում է պայքար ոչ թե անձի, այլ որևէ երևույթի դեմ, ապա պայքարը դարձնել քաղաքական կամ ներկայացնել այդպիսին գրեթե անհնար է: Օրինակ, եթե թշնամի է հռչակվում համատարած վախը, ապա հանրահավաքը վերածվում է հոգեբանական թրեյնինգի, հոգեթերապիայի ակցիայի, ոգեշնչման միջոցառման: Կամ, եթե թշնամի է հռչակվում անարդարությունը կամ իրավունքի խախտումը, ապա պայքարը քաղաքականից վերածվում է իրավականի, որի հետևանքներն էլ, բնականաբար, իրավական են:
Ստացվել է այնպես, որ այսօր Ր. Հովհաննիսյանի կողքին չեն ընդդիմադիր մյուս ուժերը: Դեռ ավելին՝ հենց նրանք են «Ժառանգության» մրցակիցները /հակառակորդները/ քաղաքական դաշտում: Բայց այդ մասին հարթակում կանգնածները, կարծես, լռում են: