.jpg)
Սիրիայի ընդդիմությունը ընտրելու է անցումային կառավարության վարչապետին
Սիրիայի ընդդիմությունը Ստամբուլում կայանալիք երկօրյա հանդիպման ժամանակ ընտրելու են ապստամբ ուժերի կողմից գրավված տարածքներում անցումային կառավարության վարչապետին: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
Հանդիպմանը մասնակցում են Սիրիայի ազգային կոալիցիայի անդամները, որը բազմաթիվ երկրների և կազմակերպությունների կողմից ճանաչվել է որպես սիրիացի ժողովրդի պաշտոնական ներկայացուցիչ:
CNN-Turk հեռուստաընկերության տվյալներով, կա վարչապետի 12 թեկնածու, որից 10-ի ազգանունները հայտնի են, իսկ երկուսինը՝ անվատնգության նկատառումներով, դեռ գաղտնի է պահվում, քանի որ նրանք դեռ գտվում են Սիրիայի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներում:
Ըստ հեռուստաընկերության՝ առավել հավանական թեկնածուներն են Սիրիայի գյուղատնտեսության նախկին նախարար Ասադ Մուստաֆան, ընդդիմության տնտեսական հարցերով հանձնաժողովի ղեկավար Ուսամա Կադին, ինչպես նաև ազգային կոալիցիայի ներկայացուցիչ Հասան Հիտոն: Ամենայն հավանականությամբ՝ անցումային կառավարության ղեկավարին կընտրեն մարտի 19-ին:
Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմությունը փետրվարի 23-ին Կահիրեում տեղի ունեցած Սիրիայի ազգային կոալիցիայի նիստից հետո հայտարարել են, որ մարտի 2-ին կրկին հանդիպելու են Ստամբուլում՝ ժամանակավոր կառավարություն ձևավորելու և վարչապետ ընտրելու համար, որը ղեկավարելու է ապստամբների վերահսկողության տակ գտնվող տարածքները: Սակայն այդ հանդիպումը այդպես էլ չկայացավ: Հանդիպման հետաձգման պատճառները հայտնի չէին: