Սիրիացիները կոտրել են ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի կայքը
18/03/2013 21:23

Սիրիացիները կոտրել են ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի կայքը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հակառակորդները կոտրել են ՌԴ նախագահի՝ Հեռավոր Արևելքում լիազոր ներկայացուցչի կայքը և անգելերենով ու արաբերենով տեղադրել «բոլոր ռուսներին ուղղված» տեքստ: Ինչպես հայտնում է Russia Today-ը, հաքերները Ռուսաստանին կոչ են արել չմիջամտել Սիրիայի պատերազմին:

«Մենք ներողություն ենք խնդրում բոլոր բարի ռուսներից նրա համար, որ կոտրել ենք կայքը: Ասադը սպանում է մեր երեխաներին և ավերում մեր քաղաքները»,- գրել են հաքերները:

Կիբերհարձակման համար իր վրա պատասխանատվություն է ստանձնել Syrian Revolution Electronic Suite կազմակերպությունը, որը սոցիալական ցանցերում հայտնել է, որ կայքը կոտրել են «ի պատասխան սիրիական վարչակարգին Ռուսաստանի կողմից ցուցաբերվող օգնության»:

Հաքերների հայտարարությունը կայքում մնացել է մի քանի ժամ: «Այժմ կայքը ժամանակավորապես չի աշխատում, այն կվերականգնվի օրվա ընթացքում: Միջադեպով զբաղվում են իրավապահ մարմինները»,- նշել է լիազոր ներկայացուցչության ներկայացուցիչը: Սակայն կիբերհանցագործներից հայտնի է, որ կայքի պարունակությունը չի տուժել:

Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել էր BRICS երկրներին՝ խնդրելով երկրում դադարեցնել բռնությունները: BRICS-ը 5 արագ զարգացող երկրներից կազմված խումբ է, որի մեջ մտնում են Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունը: 

Սիրիացիները կոտրել են ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի կայքը